«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Facebook սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին) Ռուսաստանում։ Այս մասին մարտի 4-ին հայտնել են գերատեսչությունից, փոխանցում է Известия-ն։
«2020 թվականի հոկտեմբերից Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է մուտքը դեպի աքաունթներ՝ «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» տեղեկատվական ռեսուրսներ»,-ասվում է հայտարարության մեջ։
«Ռոսկոմնադզորն» նշել է, որ վերոնշյալ սահմանափակումներն արգելված են թիվ 272-FZ «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» դաշնային օրենքով: Բացի այդ, Facebook-ի գործողությունները հակասում են օտարերկրյա ինտերնետային հարթակներում տեղեկատվության ազատ հոսքի և ռուս օգտատերերի համար ռուսական լրատվամիջոցներին անարգել մուտքի հիմնական սկզբունքներին։
Մարտի 2-ին Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը կարծիք էր հայտնել, որ Facebook (Meta) սոցիալական ցանցում ակտիվորեն քարոզչական տեղեկատվություն է տարածվում, կայքը լիովին ներգրավված է տեղեկատվական պատերազմի մեջ, ուստի այն Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, չի աշխատի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։