Դատավորը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կարեն Անդրեասյանի․ դատարանն այն մերժել է

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2021 թվականի դեկտեմբերի 23-ի 97-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին:

ԲԴԽ-ի փետրվարի 25-ի որոշման մեջ նշվում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության վերահսկողության վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ն. Խալաթյանի կողմից ներկայացրած զեկուցագիրը:

Այս կապակցությամբ դատավոր Սիմա Իսկանդարյանը 2022 թվականի փետրվարի 11-ին Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասացին դատավորի աշխատակազմից:

Վարչական դատարանը դատավոր Մհեր Պողոսյանի նախագահությամբ, որոշել մերժել վարույթ ընդունել Սիմա Իսկանդարյանի հայցադիմումը։

Որոշման մեջ նշվում է, որ այն մերժվել է, քանի որ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններից մեկը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը: ատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի Լիազոր մարմինը, (ՀՀ արդարադատության նախարարը)։

«Դատարանն արձանագրում է, որ.

նախ՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ վեճը դատական վերահսկողության առարկա չէ,

երկրորդ՝ ներկայացված պահանջը չի կարող համարվել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման միջոց, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում բոլոր դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ դատավորը զրկված չէ իր փաստարկները Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացնելու հնարավորությունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Սիմա Իսկանդարյանի փաստաբան Գուրգեն Թորոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Վարչական դատարանի որոշումն արդեն բողոքարկել են Վերաքննիչ վարչական դատարանում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդում Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը տեղի է ունեցել մարտի 3-ին:

Նիստին Կարեն Անդրեասյանին ներկայացնում էր փախնախարար Գրիգոր Մինասյանը: Սիմա Իսկանդարյանի ներկայացուցիչը ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել դատավորին պատասխանատվության ենթարկելու գործի քննությունն այն հիմքով, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի 5 պատգամավորների դիմումն առ այն, որ Արդարատադության նախարարի միջնորդությամբ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական է:

Պաշտպանը միջնորդեց, որ նիստը հետաձգվի մինչև ՍԴ որոշման հրապարակումը, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը։

Հաջորդ նիստ նշանակել է մարտի 10-ին:

Հիշեցնենք, որ հունավարին մի խումբ դատավորներ դատական իշխանության անկախությանը միջամտությունների վերաբերյալ հայտարարություն են ստորագրել՝ իրենց մտահոգությունը հայտնելով ՀՀ արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Լուսանկարում՝ Կարեն Անդրեասյանը, Սիմա Իսկանդարյանը

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել