Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, փետրվարին 18-ին հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով վճիռը։
Իրավաբան․net-ը Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացավ, որ որոշումը ուժի մեջ կմտնի մարտի 18-ին, եթե չբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։
Նշենք նաև, որ դատարանը Թովմասյանի հայցը բավարարել է մասնակի։
Դատարանը պարտավորեցրել է պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո (մարտի 18) հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Գրառման անհնարինության դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը կպարտավորվի հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման տեքստը։
Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել է: Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մարտի 18-ին, եթե կողմերից որևէ մեկը չբողոքարկի այն։
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։
Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։
Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս և ձեռքի հետ կլուծենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Թովմասյանը հայտարարություն էր տարածել։
ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։ Փաստի հրապարակման համար Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։
Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։