Ինչ էլ ներդրվի՝ չպետք է ճնշել նոտարին և նրա գործունեությունը, որն առանց այդ էլ բավականին բարդ է․ Լիլիթ Մուրադյանը՝ նախատեսվող փոփոխությունների մասին

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման պայմաններ: Նշվում է, որ համապատասխան կարգավորումների դեպքում հնարավոր կլինի նշված գործողությունն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաև այլ պետությունների և ՀՀ նոտարների միջև:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:

-Տիկին Մուրադյան, թեպետ այս փոփոխությունը դեռ կյանքի չի կոչվել, կնշե՞ք, թե ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ։

-Իհարկե, քանի դեռ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման գործառույթը չի կիրարկվել, ռիսկերը կարելի է բազմազանել, մասնավորապես՝ ազատ, անկաշկանդ, առանձին (միայն նոտար և անձ) պայմաններում գործարքի կողմի իրական կամքի ճշտման հնարավորության բացակայությունից մինչև նույնիսկ անձի գործունակության, իսկ երբեմն էլ հնարավոր է նույնիսկ՝ ինքնության պարզման հնարավորության բացակայություն, փաստաթղթերի կեղծված լինելու հանգամանքի պարզման բացակայությունից մինչև նոտարական գործողության կատարման կոնֆիդենցիալության կամ որ նույնն է՝ նոտարական գաղտնիքի պահպանման հնարավորության բացակայություն։ Անկասկած է, որ նման խնդիրների հետևանքով ի հայտ եկած ռիսկերի համար նոտարն իրավաչափորեն չպետք է որևէ պատասխանատվություն կրի, այդուհանդերձ, էլեկտրոնային եղանակով կնքված գործարքների արդյունքում կարող է մեծանալ կողմերի վնաս կրելու ռիսկը։

Անշուշտ, հարկ եմ համարում ռիսկերի կանխատեսման հետ զուգահեռ ընդգծել նաև նախատեսվող փոփոխության առավելությունները, հատկապես այն դեպքում, երբ համավարակի պայմանններում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, երբ քաղաքացիները չէին կարողանում կարևոր և անհրաժեշտ գործարքներ իրականացնել: Ուստի այսօրվա իրականության մեջ էլեկտրոնային հաղորդակցության և այդ միջոցով նոտարական գործարքների կնքման անհրաժեշտությունը արդիական է: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում վկայակոչել հարևան Վրաստանի Հանրապետության փորձը սույն ոլորտում, որտեղ արդեն մի քանի տարի է կիրառվում է նոտարի կողմից գործարքը էլեկտրոնային տեսահաղորդակցության միջոցներով վավերացնելը, եթե գործարքը ունի միայն մեկ կողմ, և, կարծես թե, վերջիններս հաջողել են:

Ռազմավարությամբ նախատեսվում է նաև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում: Նշվում է, որ այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Այս մասին ի՞նչ կասեք: Ձեր գնահատմամբ ի՞նչ փոփոխություններ են սպասվում այս ինստիտուտի ներդրմամբ։

-Միայն էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման և վավերացման պարագայում չէ, որ կարող է ընդլայնվել կատարողական մակագրության թերթի (ԿՄԹ) ինստիտուտի կիրարկումը և նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարումը։ Նշվածները ներկայիս օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող պայմանագրերի վավերացման պարագայում էլ մեր ամենօրյա ուշադրության և հոգածության առարկա են, որի ապահովման ուղղությամբ որևէ ջանք չի խնայվում։ Լայնորեն չկիրառման հիմքում ընկած է բացառապես քաղաքացիների և իրավաբանական անձանց ոչ բավարար իրազեկվածությունը, որն էլ հանգեցնում է պահանջարկի գրեթե բացակայության: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվող սպասարկման որակը թերևս կարող է զարգանալ ոչ միայն էլեկտրոնային եղանակով պայմանագրերի վավերացման արդյունքում, այլ նաև օրենսդրությամբ գործող ԿՄԹ-ի զարգացմամբ։ Առանձին վերցրած՝ ԿՄԹ-ի ինստիտուտի զարգացումն իրենով, անկասկած է, որ միտված է քաղաքացիների խախտված իրավունքների՝ արտադատական կարգով արագ և արդյունավետ վերականգնմանը, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման ինստիտուտի ներդրումից հետո միայն պարզ կլինի, թե որքանո՞վ է այն նպաստում նախանշված նպատակներին հասնելուն։

-Ռազմավարության ծրագրով նախատեսվում է վերանայել նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերը, քանի որ օրենքով սահմանված հիմքերը և ընթացակարգերը հստակ չեն: Դուք այս ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությունը տեսնու՞մ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կբարձրացնի՞ նոտարական համակարգի արդյունավետությունը։

-Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու օրենքով սահմանված հիմքերն ու ընթացակարգերն, իմ կարծիքով, բավականին հստակ են։ Սակայն ինչ էլ ներդրվի, դրանով չպետք է ճնշել նոտարին և նրա գործունեությունը, որն առանց այդ էլ բավականին բարդ է, ծանրաբեռնված, պատասխանատու։ Ներդրվող միջոցները պետք է լինեն իրավաչափ, համաչափ ակընկալվող նպատականերին։ Ավելին, փաստ է, որ ներկայումս նոտարի անձնական ու գույքային պատասխանատվությունը, որը  նախատեսված է գործող օրենքով, արդեն իսկ բավականին մեծ ու արդյունավետ միջոց է, զսպող գործիք՝ նոտարի աշխատանքի և առհասարակ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման համար, քանի որ նոտարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում ոչ միայն իր կողմից դիտավորությամբ, այլ նաև անզգուշությամբ թույլ տրված խախտման հետևանքով պատճառված վնասի համար։

-Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ առաջարկվում է նոտարական այն գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը, վերջիններիս փոխադարձ համաձայնությամբ տեսաձայնագրվեն: Ի՞նչ սա կտա Ձեզ՝ աշխատանքը կատարելիս։ Հնարավոր խնդիրներ, ռիսկեր տեսնու՞մ եք։ 

-Նոտարը նոտարական գաղտնիքը պահպանելու պարտականության կրողն է, սակայն գործարքին մասնակցող անձանց փոխադարձ համաձայնությամբ գործարքի տեսաձայնագրմամբ այնուամենայնիվ չի խախտվելու նոտարական գաղտնիքի պահպանման սկզբունքը, քանի որ այն բացառապես կվերաբերի գործարքին մասնակցող անձանց: Սակայն տեսաձայնագրումը հնարավորություն կտա նվազեցնել ապագայում կողմերի միջև ծագող վեճերը, որի արդյունքում որոշակիորեն կբեռնաթափվի նաև դատական համակարգը: Օրինակ՝ գործարքից հետո այլևս կողմը/կողմերը չեն պնդի, որ չեն հասկացել, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել և որ այն չի համապատասխանում իրենց իրական մտադրություններին, մեկ այլ դեպքում որևէ այլ անձ/ժառանգ չի կարող վիճարկել կտակարարի/նվիրատուի կամքի իսկությունը, քանի որ տեսաձայնագրման արդյունքում նման հանգամանքի վիճարկումը պարզապես մերժման ենթակա կլինի: Նմանատիպ օրինակները բազմազան են, սակայն իմ կողմից ներկայացվեց մի քանիսը, որպեսզի առավել պարզ լինի նման ինստիտուտի ներդրման խիստ անհրաժեշտությունը, հետևաբար այստեղ խոսել ռիսկերից, կարծում եմ, տեղին չէ:

-Որպես գործող մասնագետ, ի՞նչ խնդիրների եք Դուք բախվում Ձեր աշխատանքի ընթացքում, որոնց ուղղությամբ ռազմավարության մեջ նպատակներ տեղ չեն գտել, բայց կցանկանայիք, որ առաջնահերթ լուծվեր այդ խնդիրը կամ խնդիրները։

-Ինչպես իրավաբանության մյուս ոլորտներում, այնպես էլ նոտարիատում խնդիրները բազմաթիվ են և բազմազան, սակայն բազմաթիվ խնդիրներ կարող են իրենց լուծումը գտնել բացառապես օրենսդրական փոփոխությունների միջոցով, քանի որ, ինչպես ակնհայտ է, ներկայիս կյանքի նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում կյանքի ռիթմը և որակը ևս փոփոխվում են, որին համահունչ անհրաժեշտություն է առաջանում հաճախակի կատարել օրենսդրական փոփոխություններ և մոդեռնիզացնել ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերը, մինչդեռ դրանց ոչ ժամանակին կատարվող փոփոխությունները  մեծ և լուրջ խնդիրներ են առաջացնում, ինչն էլ, անշուշտ, անդրադառնում է մարդու և քաղաքացու իրավունքների իրացման որոշակի սահմանափակմանը: Նոտարիատում խնդիրների վերացման ուղղությամբ իր լուրջ դերակատարումն ունի ՀՀ նոտարական պալատը՝ փորձելով ապահովել միասնական պրակտիկա, ինչը ևս ոլորտի կայացման առավել կարևոր բաղադրիչներից է:

Հաջորդը ֆինանսական կողմն է։ Ուզում եմ նշել, որ 2013թ․ Նոտարիատի զարգացման հայեցակարգով մի շարք բարելավումների հետ միաժամանակ Հայեցակարգի 9-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսվում էր վերանայել նոտարական գործողությունների համար նախատեսված սակագները, քանի որ գործարքների համար, անկախ գործարքի գնից, սահմանված սակագներ հաստատելը չի համապատասխանում նոտարի լրիվ նյութական պատասխանատվության սկզբունքին: Սակայն հայեցակարգի գրեթե բոլոր կետերը կատարվել են, բացի սակագների վերանայումից: Եվ այն նոտարները, որոնք գործունեություն են իրականացնում հեռավոր կամ սահմանամերձ շրջաններում, բախվում են ֆինանսական լուրջ խնդիրների հետ՝ դիմող քաղաքացիների սակավաթվության պատճառով, չկարողանալով ապահովել նույնիսկ գրասենյակի բնականոն գործունեության համար անհրաժեշտ միջոցները և վճարել նոտարի համար սահմանված հարկային և այլ պարտավորությունները։ Իսկ նոտարի կողմից մատուցվող ծառայության վճարների գանձման նկատմամբ կիրառվում է ձեռնարկատիրական ռեժիմը, որը վերոնշյալ դեպքերում չի ապահովում նոտարի մատուցած ծառայությունների դիմաց համարժեք եկամուտ, ինչի հետևանքով չեն համալրվում հեռավոր կամ սահմանամերձ տարածքների նոտարների թափուր տեղերը, որն էլ իր հերթին խախտում է քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել