Փետրվարի 23-ին Երևանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հետ համագործակցությամբ կազմակերպված «Վարքագծի կանոնագիրքը բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին» խորագրով աշխատաժողովը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են վարքագծի կանոնների միասնական ընկալումը, այն ներդնելու մեխանիզմները, որոնցով նախատեսվում է հանրային ծառայության տիրույթում ձևավորել համաչափ և նույնական վարքագծի դրսևորում:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև հանրային ծառայողների վարքագծի կանոնների նախագիծը։ Աշխատաժողովին ներկա էին պետական կառավարման համակարգի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության կենտորնական գրասենյակների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում նախարարության իրականացրած գործառույթները հիմնականում օրենսդրական փոփոխություններն են։
«Մենք համագործակցում ենք ինչպես ԿԿՀ-ի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ ու հենց այդպես ենք կարողանում ճիշտ թիրախները ընտրել և խնդիրների լուծումներ գտնել։ Մեր նպատակը հայտարարատու անձանց շրջանակը լայնացնելն է։ Մենք դա չենք ուզում անել մարդկային գործոնի միջոցով, որովհետև այդ դեպքում մեծ ռեսուրսների պահանջարկ է լինում։ Դրա համար հիմա ԿԿՀ-ում և մեր կողմից էլ փորձ է կատարվում այդ ամբողջը էլեկտրոնային համակարգի միջոցով անել»,-նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ 35 հազար անձի հայտարարագիր է ստուգվում, ինչպես պաշտոնյաների, այնպես էլ նրանց հարազատների․ «Այն, որ հայտարարագրերը շատ լուրջ հենքի վրա են դրված ու դրանք պետք է ամբողջական լրացվեն և ներառական լինել, դա միանշանակ է»։
Թումանյանցը նշեց նաև, որ պաշտոն զբաղեցնելուն հավակնող անձի վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հնարավոր է ապագայում հրապարակվեն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների կերպարը երկար տարիներ առանձնացված է եղել հասարակությունից և հենց վարքագծի կանոնները պետք է սահմանեն, թե ինչ կերպար պետք է ունենա թե՛ բարձրաստիճան պաշտոնյան, թե՛ համայնքային ծառայողը, թե՛ հանրային ծառայողը։
«Այս պահին նախագծում կետ կա, որում նշվում է՝ հանրային ծառայողը իր պաշտոնով պայմանավորված չպետք է ընդունի, պահանջի կամ ակնկալի առավելություն կամ արտոնյալ վերաբերմունք։ Թե՛ հանրային ծառայողների, թե՛ հասարակության համար պետք է կանխատեսելի լինի՝ ինչ վարքագիծ կարելի է, ինչ է ակնկալվում, որ ինչն է անթույլատրելի»,-նշում է հանձնաժողովի անդամը։
Ալեքսանյանի խոսքով՝ հասարակությունն ինքը պետք է դառնա կանխարգելման մանդատը կրողը։ Հասարակության յուրաքանչյուր անդամ, տեսնելով հանրային ծառայողի կողմից անընդունելի վարքագիծ, պետք է հակազդի դրան, բացի այդ՝ հանձնաժողովին ուղարկվող դիմումների և հաղորդումների միջոցով պետք է նպաստի, որպեսզի այդ անթույլատրելի վարքագիծը պատժվի և շարունակական չլինի։
«Հենց դա է ակնկալվում հանձնաժողովի կողմից, որովհետև այդ ծավալի մեջ հստակ է, որ մի մարմին չի կարողանալու ամբողջ աշխատանքը կատարել և չպիտի էլ անի դա։ Կոռուպցիայի կանխարգելումը միայն հանձնաժողովի տիրույթում չէ, բոլորս պետք է զբաղվենք դրանով»,-նշում է նա։
Ալեքսանյանը կարծում է, որ հանձնաժողովի այս մի քանի տարիների աշխատանքը նպաստել է պետական պաշտոնյաների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մոտ զգոնության բարձրացմանը։ Բացի այդ, ԿԿՀ անդամի խոսքով՝ հայտարարագրման ինստիտուտի հետ կապված բավականին առաջընթաց է գրանցվել, քանի որ հանձնաժողովի ձևավորումից ի վեր շատ բան է փոխվել։
«Հայտարարագրերը հանձնելու առաջին և ներկայիս շրջանները համեմատելով կարելի է ասել, որ մարդկանց զգոնությունը շատ ավելի բարձր է։ Իրենք շատ ավելի ուշադիր են, որ ճիշտ լրացնեն հայտարարագիրը։ Կարծում եմ՝ գիտակցում են, որ դրանք ստուգվում են ու որպես հետևանք գործում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն»,-նշեց Լիլիթ Ալեքսանյանը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց՝ մտահոգում է այն փաստը, որ ԿԿՀ-ի լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ հանրությունը չի տեսնում ակտիվների վերադարձնման ակտիվ գործընթաց։
«Որքանո՞վ է հանձնաժողովին տրված գործիքակազմը բավարարում գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրության ժամանակ պարզել ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող գույքի գոյության մասին տեղեկությունները։ Արդյո՞ք համագործակցություն կա դեսպանատների հետ, որոնք պաշտոնյաներին վիզաներ են տրամադրում։ Նման խնդիրներն են, որ պետք է լուծվեն, որովհետև, տարբեր աղբյուրների համաձայն, Հայաստանից դուրս հանվող ֆինանսական միջոցների արտահոսքը բավականին մեծ մասշտաբների է հասնում»,-նշում է նա։
Սողոմոնյանի համար ակնհայտ է՝ վերջին շրջանում կոռուպցիայի կանխարգելման շրջանում իրականացվում են փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում։ Ընդլայնվել են ԿԿՀ-ի լիազորությունները, սակայն դրա հետ մեկտեղ պետք է համալիր մոտեցում ցուցաբերել և տրամադրել անհրաժեշտ գործիքակազմ, որը կօգնի կոռուպցիայի կանխարգելման հարցում։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2 հիմնական գործառույթ ունի․ կանխարգելում և հակակոռուպցիոն կրթության իրականացում։ Երկրորդի դեպքում հաճախ թիրախ են դառնում պետական ծառայողներ, քաղաքացիական և համայնքային ծառայողներ, և գործընթացից ամբողջությամբ դուրս են մնում քաղաքացիները, երիտասարդները, մեծ հաշվով՝ հանրությունը։ Չեմ խոսում 1-2 մամուլի հաղորդագրությունների, թռուցիկների կամ տեսահոլովակների մասին։ Անհրաժեշտ են ինչպես հաղորդակցության, այնպես էլ ռազմավարական պլաններ՝ թիրախային խմբերի հետ ճիշտ աշխատելու համար։ Դրանք կարող են լինել ինչպես աշակերտները, այնպես էլ ուսանողները, ու նաև ավագ սերնդի մեր հայրենակիցները։ Կարևոր է նաև այլընտրանքային ծրագրերի շարունակական զարգացումը և արդեն կայացած նախաձեռնություններին աջակցությունը»,-նշեց Սողոմոնյանը ու որպես օրինակ հիշեցնելով ԻՀԱ-ի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասին, որը գործում է 2015 թվականից և տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք իրենց տեղն են գտել իշխանության տարբեր ճյուղերում և մասնավոր ոլորտում՝ կիրառելով իրենց ստացած հակակոռուպցիոն գիտելիքներն ու հմտությունները կոռուպցիայի կանխարգելման ոլորտում և կրթական հաստատություններում։