Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հետ են մղում հարձակումը։
«Երկրի պաշտպանական ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության մեջ, նրանք զբաղեցրել են և պահում են պաշտպանական դիրքերը։ Իրավիճակը վերահսկելի է։ Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», – հավելել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: