Տարբեր հասցեատերերով միջնորդագրերն ինքնանպատակ չեն և ենթադրում են կոնկրետ միջոցառումներ և արդյունքներ․ Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյան

Դատախազի աշխատանքը չնորմավորված աշխատանք է, որին հաճախ զոհաբերվում են հանգստի ժամերը, արձակուրդի օրերը, սիրելիների հետ լինելու հնարավորությունը: Դատախազ Գագիկ Մարգարյանի ընտանիքն արդեն հարմարվել է տեղից տեղ տեղափոխվելուն։

Իրավաբան.netը «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակներում հարցազրույց է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի հետ։

-Պարոն Մարգարյան, մինչև Արագածոտնի դատախազ դառնալը Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնն եք զբաղեցրել։ Հեշտ է եղե՞լ Արագածոտնի մարզ տեղափոխվելը, այդ թվում՝ Ձեր ընտանիքի համար։

– Դատախազի մասնագիտությունը, աշխատանքն ընտրելիս միշտ պետք է հաշվի առնես փոխատեղումների հանգամանքը: Դա այս աշխատանքի առանձնահատկություններից մեկն է: Եթե մարդ պատրաստ չէ նրան, որ պետությունն ու համակարգը իր ծառայության կարիքը կարող է տեսնել հիմնական բնակության վայրից հեռու և գործուղել ընդհուպ հեռավոր մարզեր և դա կարող է պարբերաբար կրկնվել, ավելի լավ է այլ աշխատանք փնտրի:

Ինձ համար հեշտի կամ դժվարի խնդիր չի եղել նաև նախորդ պաշտոններն զբաղեցնելիս, որովհետև առաջին պլանում իմ առջև դրվող խնդիրների, պարտականությունների պատշաճ կատարումն է եղել՝ անկախ գտնվելու վայրից: Դրան ինչպես ես եմ հարմարվել, այնպես էլ ընտանիքս: Այս առումով լիարժեք ըմբռնում կա, ինչը ևս թույլ է տալիս հանգիստ զբաղվել իմ աշխատանքով: 

– Ընտանիքում չե՞ն դժգոհում Ձեր աշխատանքից՝ ինչպես պատասխանատվության այնպես էլ ծանրաբեռնվածության առումով: Կարողանու՞մ եք բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին: 

-Աշխատանքային պատասխանատվությունը և ծանրաբեռնվածությունը վերաբերում է բացառապես ինձ: Այդ բեռը երբևէ ընտանիքիս հետ չեմ փորձել կիսել: Թեև, երևի թե, հետևանքի իմաստով, կամա թե ակամա, ինքնաբերաբար դա ստացվում է: Որովհետև ամեն պահի չէ, որ ծառայողական պարտքի առաջնահերթությամբ պայմանավորված, կարողանում ես լինել ընտանիքիդ հետ: Շատ դեպքերում աշխատանքին զոհաբերում ենք մեր հանգստի ժամերը, արձակուրդի օրերը, մեր սիրելիների հետ լինելու հնարավորությունը: Սա չնորմավորված աշխատանք է:

Ծանրաբեռնվածությունն, ինչ, խոսք, մեծ է և ավելի է մեծանում՝ հաշվի առնելով դատախազական գործառույթների իրականացման ինտենսիվության աճը, նախաձեռնողականությունը: Բավական է միայն նշել, որ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից դատավարական հսկողություն և ղեկավարում է իրականացվել 1637 նախապատրաստվող նյութերի, ինչպես նաև 821 քրեական գործերի նկատմամբ: Վերջինս 27%-ով ավելի է 2020թ. համեմատ: Նույնը վերաբերում է նաև դատարանում մեղադրանքի պաշտպանությանը. 2021թ. դատախազության դատախազներն առաջին ատյանի դատարանում մեղադրանք են պաշտպանել 125 քրեական գործով, որը 2020թ. համեմատ ավելի է 45%-ով կամ 39 գործով: Դատախազների կողմից 144 ուսումնասիրություն է կատարվել ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանների վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման բնագավառում և այլն: Սա դեռ մեր աշխատանքի մի մասն է:

Այդ տեմպին վերաբերում ենք որպես օրինաչափություն, բնական աշխատանքային վիճակ: Ժամանակը, որ կարողանում ենք գողանալ աշխատանքից, իհարկե, ձգտում եմ նվիրել ընտանիքիս: Կարծում եմ՝ ողջամիտ ժամանակ կարողանում եմ հատկացնել: Համենայնդեպս իմ հարազատները թույլ չեն տալիս զգալու, որ ինչ-որ բան այնպես չէ: Հուսամ՝ դա ոչ թե ինձ խնայելու պատճառով է, այլ իսկապես ստանում են այն ջերմությունն ու նվիրումը, որն անհրաժեշտ է ցանկացած ընտանիքի ամրության համար: Ի վերջո նաև ապրում ու գործում եմ հավատով, որ իմ ծառայությամբ, աշխատանքի հանդեպ իմ վերաբերմունքով նպաստում եմ այն անվտանգ, պաշտպանված միջավայրի ստեղծմանը, որն անհրաժեշտ է իմ և բոլորիս ընտանիքների բնականոն կենսագործունեության, մեր առօրյա կյանքի կազմակերպման համար:    

– Բավարարո՞ւմ է արդյոք մարզի դատախազության դատախազների քանակը և որակը ստորաբաժանման առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու առումով: Ինչպիսի՞ սոցիալական երաշխիքներ ունեն դատախազները, երբ տեղափոխվում են այլ բնակավայրում աշխատելու։

– Արագածոտնի մարզի դատախազության դատախազների քանակը և որակը բավարար է ստորաբաժանման առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար՝ չնայած զգալի ծանրաբեռնվածությանը: Համակարգի կադրային համալրման իրավական մեխանիզմների ճկունացումը հիմա արդեն թույլ է տալիս լուծելու այդ հարցը: Բավարար գիտելիքներով համակարգ մտնող սկսնակ դատախազների որակը բարձրանում է պրակտիկ գործունեության արդյունքում: Ավագ գործընկերներն իրենց փորձով կիսվելով նրանց հետ, հեշտացնում են այդ գործընթացը:

Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, ապա պետությունը սոցիալական բեռի թեթևացման առումով հոգում է որոշ ծախսեր՝ մասնավորապես, կապված գործուղումների դեպքում բնակարանի վարձավճարի փոխհատուցման, ավտոմեքենայի վառելիքի հետ: Իհարկե պակաս կարևոր չէ նաև պետական ծառայողների համար նախատեսված ապահովագրական փաթեթների կիրառումը:

-Ո՞ր տեսակի հանցագործությունների աճ և նվազում է արձանագրվել մարզի տարածքում 2021թ. ընթացքում, և հատկապես՝ ինչպիսին է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:

– 2021թ. ընթացքում Արագածոտնի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 788 դեպք` 2020թ.-ի 754-ի դիմաց: Այսինքն դեպքերն աճել են 34-ով կամ 4.5%-ով: Բացահայտման ցուցանիշը աճել է 72.2%-ով:

Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության դեպքերի նվազում 1 դեպքով: Սրանք կատարվել են դանակի գործադրմամբ:

Որոշ չափով աճել են մարդու դեմ, սեփականության դեմ ուղղված և այլ բնույթի հանցագործությունները: Նշվածներով ունեցել ենք նաև բացահայտման ցուցանիշի որոշակի բարելավում: 

Շարունակում է անհանգստացնող մնալ մարզի տարածքում բնակարանային գողությունների աճը և բացահայտման նվազող ցուցանիշները: Պարզվել է, որ մարզում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել է համայնքների հատկապես այն հատվածներում, որտեղ բացակայում են տեսանկարանահող սարքեր, գիշերային լուսավորություն և կոդավորված դռներ:  

Այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցը մարզի դատախազության հիմնական առաջնահերթություններից է և, ելնելով նաև ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարականներից, փորձում ենք համայնքների ղեկավարների, Ոստիկանության հետ լուծել այս խնդիրը:  

Դրան զուգահեռ, օրինակ 2021թ. ընթացքում ավազակության և կողոպուտի դեպքեր մարզի տարածքում չեն արձանագրվել:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս ավելացել են՝ ընդհուպ 80.0%-ով: Բայց հաշվի առնելով այս բնույթի հանցագործության լատենտային բնույթը՝ այս միտումը պետք է դրական գնահատել: Դա վկայում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքի մասին: Պատահական չէ, որ այս ոլորտում բացահայտումը կազմել է 79.1% ՝ նախորդող տարվա 54.5%-ի դիմաց: 

-Որո՞նք են այն հիմնական գործոնները, որ բացասաբար են ազդում հանցագործության բացահայտման, քրեական գործերով արդյունավետ քննություն կատարելու վրա: 

Ուսումնասիրությունները վկայում են, որ գրեթե բոլոր մարզերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշների մակարդակի վրա շարունակաբար խիստ բացասական ազդեցություն են ունենում նախ հենց հանցագործության հետևանքով տուժած անձանց, վկաների համագյուղացի կամ  ազգակցական լինելու հանգամանքները, ինչպես նաև ականատես վկաների կողմից վարույթն իրականացնող մարմնի հետ չհամագործակցելու հանգամանքները: 

Քիչ չեն դեպքերը, երբ տուժողները դեպքի հանգամանքները չհիշելու կամ մտացածին այլ պատճառաբանություններով փաստացի հրաժարվում են ցուցմունքներ տալուց, կամ հայտնում են գործով հաստատված հանգամանքներին հակասող տեղեկություններ: Եվ վարույթն իրականացնող մարմինը ստիպված է լինում օբյեկտիվ իրականությունը այլ եղանակներով վեր հանելու նպատակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որի հետևանքով արարքների ապացուցման բեռի առումով արհեստականորեն մեծանում է ծանրաբեռնվածությունը: Նաև արձանագրվել են դեպքեր, երբ տուժողները բացատրություններով կամ նախնական ցուցմունքներով նշել են դեպքի իրական հանգամանքները, սակայն հետագայում կա՛մ դրանք չեն հաստատել՝ այլ տեղեկություններ հայտնելով, կա՛մ էլ հերքել են առերես հարցաքննվելու ընթացքում:  

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշատակված խնդիրները առավել ցայտուն կերպով արձանագրվում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործերով քննության ընթացքում: 

Նույնիսկ համայնքի բազմամարդ վայրերում՝ փողոցներում, տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անձինք հարևանական, ընկերական կամ սոցիալական այլ հարաբերություններից, ինչպես նաև քրեական հետապնդման մարմինների հետ չհամագործակցելու համոզմունքից ելնելով, կա՛մ նշում են, որ անմիջականորեն դեպքին ականատես չեն եղել՝ հերքելով անգամ այդ մասին ստացված տվյալները, կա՛մ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տալիս: Նույնը վերաբերելի է նաև տուժողներին:

Իհարկե, առկա են թերություններ նաև տաք հետքերով հանցագործության բացահայտմանն ուղղված գործողությունների ուշացման հետ: Նաև պետք է հաշվի առնել, որ հանցագործությունները կատարելագործվել են, շատ դեպքերում կիրառվում են տեխնոլոգիական նոր մեթոդներ ու միջոցներ և քրեական հետապնդման մարմիններն իրենց գործիքակազմն այս առումով հարստացնելու, հագեցնելու կարիք ունեն: 

Ինչպես եք գնահատում հանցավորության դեմ պայքարում, քրեական գործերով քննությունների շրջանակներում մարզի իրավապահ մյուս մարմինների հետ գործակցությունը: Առավելապես ի՞նչ բնույթի խնդիրներ են արձանագրվում քրեական գործերով դատախազական հսկողության արդյունքում: Շա՞տ են արդյոք մեղադրական եզրակացությունները չհաստատելու որոշումները, քննիչներին վարույթներից հեռացնելու կամ օպերատիվ հետախուզական մարմինների ներկայացուցիչների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն ուղղված միջնորդությունները: 

Արագածոտնի մարզի դատախազությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում  մշտապես համագործակցել է մարզի մյուս իրավապահ մարմնինների հետ հանցավորության դեմ պայքարում՝ կոորդինացնելով վերջիններիս աշխատանքը: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: 

Դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ ձգտում ենք ապահովել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունների անցկացումը, հանցագործություների բացահայտումը, մեղավորների քրեական պատասխանատվության ենթարկվելը: 

Մասնավորապես, մարզի դատախազության դատախազների կողմից այդ համատեքստում կոնկրետ քննչական, դատավարական այլ  միջոցառումներ իրականացնելու նպատակով վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 49 գրավոր ցուցում՝ 2020թ. համեմատ 17-ով կամ 53%-ով ավելի: 

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 1 քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել:

Քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու կապակցությամբ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով կայացվել է քննիչին վարույթից  հեռացնելու մասին 2 որոշում, իսկ հետաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 5 միջնորդություն:

Ունենում ենք դեպքեր, երբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակներում հետաքննության մարմնին տալիս ենք կոնկրետ դեպքերը որպես հանցագործության մասին հաղորդում հաշվառելու և քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրանք իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարություն: 2021թ., օրինակ, այդպիսի 17 դեպք ենք ունեցել: 

Կամ՝ որոշ դեպքերում դատախազները, ծանոթանալով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի, քննիչի դատավարական որոշումներին, գործերի նյութերին, հանգում են հետևության, որ դրանք կայացվել են անհրաժեշտ գործողությունները ոչ բավարար չափով կատարված լինելու, արարքներին չհիմնավորված իրավական գնահատականներ տալու պայմաններում: 2021թ., օրինակ, հսկող և վերադաս դատախազների կողմից նման 8 որոշում է վերացվել և հարուցվել են քրեական գործեր: Դրանց մի մասով դեռևս քննությունները շարունակվում են, մի մասով էլ վարույթները կարճելու որոշումներ են ընդունվում՝ կատարված բոլոր անհրաժեշտ գործողությունների և պատշաճ ու հիմնավորված գնահատականների արդյունքում: Քրեական գործի վարույթը կարճելու ևս 5 որոշումներ դատախազների կողմից վերացվել են՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարված չլինելու պատճառով: 

Այս ամենը աշխատանքային գործընթացներ են, և եթե անգամ առաջանում են խնդիրներ քրեական հետապնդման մարմինների միջև, դրանք կարգավորվում են նրանց գործունեությունը կանոնակարգող, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կառուցակարգերով: Այս առումով կարգավորումները, կարծում եմ, սպառիչ են և տալիս են բոլոր հարցերի պատասխանները, բոլոր հնարավոր իրավիճակների իրավական հանգուցալուծման կառուցակարգերը: Դատախազը պատասխանատու է ամբողջ քրեական վարույթի օրինականության, դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանության համար և չի կարող չիրացնել դատախազական ներգործության՝ իրեն վերապահված գործիքները:

Մարզում ընդերքօգտագործման ոլորտի առանձին ընկերություններ գործունեություն են ծավալում և տեղեկություններ հրապարակվեցին նրանցից որոշների կողմից պետության և համայքնների առջև իրենց պարտավորությունները չկատարելու, օրենսդրության և պայմանագրային կետերի պահանջների խախտմամբ գործունեություն ծավալելու, վնասներ պատճառելու մասին: Ինչ փաստեր կարող եք նշել և որքանո՞վ է այս ոլորտը շարունակում մնալ դատախազության ուշադրության կենտրոնում: Ի՞նչ խնդիրներ են առկա այս առումով և ինչ աշխատանքներ են տարվել պետության կամ համայնքների խախտված իրավունքները, բնությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: 

Այս ոլորտը մշտապես մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է: Նախորդ տարի՝ առավել ևս, քանի որ առկա էր նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից ռեկուլտիվացիոն վճարները կատարելու, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ կատարելու պարտավորությունների կատարման վիճակն ուսումնասիրելու ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը:

Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով, օրինակ, պարզեցինք, որ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի կետերի և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ համապատասխան տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդվել էր լեռնային զանգվածը, տեղահանվել, և մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա չէր կատարվել, ինչպես նաև չէին կատարվել այլ պարտավորություններ: Արդյունքում դեգրադացվել էր այդ տեղամասի գյուղատնտեսական նշանակության հողը և պետությանը պատճառվել էր ընդհանուր 19.594.291 դրամի չափով վնաս: Մեր կողմից դրսևորված հետևողականության արդյունքում վնասն ամբողջությամբ վերականգնվեց: 

Մեկ այլ դեպքում քրեական գործով պարզեցինք, որ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում իրականացրել են տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերությունը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունահանել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար՝ ապահովելով ընդհանուր շուրջ 89.000.000 ՀՀ դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Կրկին մեր հետևողականության արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերությունն ամբողջությամբ վերականգնեց ընդհանուր 15.642.318 ՀՀ դրամ գումարը, որ առաջացել էր պատճառված վնասների, չկատարված պարտավորությունների, չվճարված պետական տուրքերի արդյունքում: 

Այլ կերպ ասած՝ պետությանը պատճառվող վնասների վերականգնումը մեր հիմնական խնդիրներից մեկն է: 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության առաջարկով մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործողների և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության միջև կնքվող ընդերքօգտագործման պայմանագրերի համաձայն՝ ընդերքօգտագործողների կողմից իրենց պարտավորությունների համապատասխան, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում կատարած ներդրումների կատարման գործնթացի վիճակը: Հարցումներ են կատարվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Ուսումնասիրությունը շարունակվում է: 

Դրանից բացի, քրեական գործերով հանձնարարություններ է տրվել նախաքննության և հետաքննության մարմիններին, գրություններ են ուղարկվել ՀՀ Արագածոտնի մարզպետարան, համայնքներ՝ իրենց լիազորությունների շրջանակներում հսկողություն իրականացնելու հանքարդյունաբերության ժամանակ հնարավոր ապօրինությունները կանխարգելելու համար: Ուզում եմ նշել, որ մարզի դատախազության ձեռնարկված հետևողականության արդյունքում պետությանը պատճառված ընդհանուր 75.989.758 ՀՀ դրամ գումար վնասից  74.262.308 ՀՀ դրամը վերականգնվել է: 

Այսքանով, իհարկե, մարզի դատախազության կողմից կատարվող և ընթացիկ ուսումնասիրությունների շրջանակը չի սահմանափակվում:

– Արագածոտնի մարզում ակտիվ ճանապարհաշինարարական ծրագրեր են իրականացվում, որոնք հավելյալ բարդություններ են հարուցում երթևեկության համար: Նախորդ տարի նաև ողբերգական ելքով խոշոր ավտովթար տեղի ունեցավ՝ մի քանի զոհերով: Նախ՝ կցանկանայինք իմանալ՝ ՃԵԿ հանցավոր խախտումների, դրանց արդյունքում մահվան ելքով դեպքերի ինչպիսի՞ դինամիկա է առկա մարզում և ի՞նչ միջոցառումներ են կատարվել նման դեպքերը կանխելու, երթևեկության անվտանգությունը բարելավելու ուղղությամբ:

-2021թ. ընթացքում Արագածոտնի մարզի տարածքում արձանագրվել է տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՃԵ անվտանգության պահանջները կամ ՃԵ, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ հանցագործության 74 դեպք, որից 13-ը, ցավոք ունեցել է մահվան ելք:

Ինչպես գիտեք, մարզի տարածքով է անցնում հանրապետության մյուս շրջանները, Երևանը Գյումրիին կապող Մ1 մայրուղին, որը ծանրաբեռնված է, և որի վրա ակտիվորեն իրականացվում է շինարարություն՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում: Արդյունքում այդ ճանապարհի տարբեր հատվածներ տրանսպորտային երթևեկության համար դարձել են խիստ վտանգավոր և պահանջում են առանձնահատուկ հսկողություն: Նախորդ տարի հոկտեմբերին, հավանաբար հիշում եք, մենք ունեցանք բազմաթիվ ուղևորների մահվան ելքով ավտովթար այդ վտանգավոր հատվածներից մեկում: 

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության համաձայն՝ 2021թ. Գլխավոր դատախազի տեղակալի նախագահությամբ Արագածոտնի մարզի դատախազությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցեցին նաև Արագածոտնի մարզպետը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենը, Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետը,  Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի հրամանատարը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ինքնավթարի այդ ողբերգական դեպքի առթիվ հարուցվեց քրեակա գործ ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը պատասխանատվություն է նախատեսում լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Խնդիր դրվեց քրեական գործի շրջանակներում տալ իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների կատարման իրավական գնահատականները: Նաև Երևան-Գյումրի Մ1 մայրուղու վտանգավոր հատվածները հավելյալ ճանապարհային նշաններով՝ լուսանդրադարձիչներով, արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ կահավորելու, ճամփեզրերի հողային շերտեր ավելացնելու, արագաչափ սարքեր և առկայծող փարոսիկներ տեղակայելու, մինչ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հավելյալ ճանապարհային նշանների տեղադրումը ռիսկային գոտիներում ուժեղացված ծառայություն ապահովելու պահանջ դրվեց:

Պետք է նշեմ, հատկապես դատախազության կողմից շատ խիստ մոտեցում որդեգրվելուց հետո նշված ռիսկային հատվածներում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առաջնային կարևոր միջոցառումներ իրականացվեցին: Կոնկրետ ինքնավթարի հատվածում դրվեցին երթևեկության հավելյալ նշաններ, հողային շերտն ավելացվեց, վարորդների զգոնությունը բարձրացնելու համար երկու կողմերից անհարթություններով և անցման ժամանակ ձայնարձակող գծանշումներ արվեցին, ինչպես նաև այդ հատվածներում ապահովվեց ճանապարհային ոստիկանության ծառայողների մշտական ներկայություն: Հուսանք այս գործընթացը կլինի շարունակական:  

Կոնկրետ իմ կողմից, որպես Արագածոտնի մարզի դատախազի տարվա ընթացքում խնդրին վերաբերվող հաղորդումներ են հասցեագրվել Արագածոտնի մարզպետին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որոնք ժամանակին քննարկվել են արդյունքների, ձեռնարկված միջոցների մասին հայտնվել է մարզի դատախազությանը:

-Դատախազության հիմնական գործառույթներից է նաև վերլուծությունների արդյունքում հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելուն ուղղված միջոցառումներ իրականացնելը, պատկան մարմինների ուշադրությունը դրանց վրա հրավիրելը: Այս առումով որքանով է նախաձեռնողական եղել մարզի դատախազությունը, արդյոք համապատասխան միջնոդրագրեր, հաղորդումներ ներկայացվել են իրավասու մարմիններին, այլ սուբյեկտների, հիմնականում ո՞ր ոլորտներին են դրանք առնչվում և ինչ գործնական արդյունքներ են տվել:   

-Այո, հանցագործությունների պատճառների, նպաստող պայմանների վերհանումը, վերլուծությունը, դրանց հիման վրա իրավասու մարմիններին կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր, հաղորդումներ ներկայացնելը դատախազության այն կարևոր խնդիրներից մեկն է, որին հատկապես վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով պատկան մարմիններ են ուղարկվել  2 միջնորդագրեր և 9 հաղորդումներ:

Ներկայացված միջնորդագրերից 1-ը հասցեագրվել է Արագածոտնի մարզի Աղձք համայնքի ղեկավարին: Դրանով խնդիր է դրվել վերացնել համայնքի տարածքում իրականացված ապօրինի շինությունը, վերականգնել հողամասի նախկին վիճակը և քանդել ինքնակամ կառույցը:

Երկրորդն ուղղվել է Արագածոտնի մարզպետին, որով  առաջարկվել է Արագածոտնի մարզի Ուջան համայնքի տարածքում ապօրինի շինարարություն և հողազավթում իրականացրած անձի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել և վերացնել հանրորեն վտանգավոր հետևանքները:  

Արագածոտնի մարզպետը գրությամբ հայտնել է, որ մարզի համայնքների տարածքներում ապօրինի շինարարությունը դադարեցնելու և դրանց հետևանքները վերացնելու հանձնարարություն է տրվել համայքների ղեկավարներին:

Ներկայացված հաղորդումներից 6-ն ուղղվել է Արագածոտնի մարզպետին, 1-ը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին, 1-ը հասցեագրվել է համայնքի ղեկավարին, 1-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: 

Ուզում եմ ընդգծել, որ այդ միջնորդագրերը ինքնանպատակ չեն, դրանք ենթադրում են կոնկրետ միջոցառումներ և արդյունքներ: եվ որպես դատախազական ներգործության արդյունավետ գործիք՝ դրանց կիրառությունը մեր կողմից առաջիկայում ավելի նախաձեռնողական բնույթ է կրելու: 

– Դատարանում դատախազները հաճախ համաձայնություն չեն տալիս, որպեսզի վերջիններիս տեսանկարահանեն։ Չեք կարծու՞մ, որ քրեական գործերի քննության ժամանակ պետության ներկայացուցիչը չպետք է դեմ արտահայտվի դատական նիստի և դատախազի տեսանկարահանմանը։

– Եթե խոսքը դատական նիստերի լուսաբանմանը, դրա շրջանակում նաև դատախազներին տեսանկարահանելուն է վերաբերում, ապա ակնհայտ է, որ դատական նիստերը պետք է լինեն դռնբաց: Դա բխում է ժողովրդավարության, հրապարակային դատաքննության սկզբունքներից, և գործերի ճնշող մեծամասնությունը դատարաններում քննվում է դռնբաց:

Սակայն միշտ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր քրեական գործի հանգամանքները և առանձնահատկությունները: Ինչպես նախորդ հարցերից մեկին պատասխանելիս նշեցի, շատ դեպքերում վկաները, տուժողները չեն համագործակցում վարույթն իրականացնող մարմնի հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են հայտնում: Հրապարակային դատաքննության ընթացքում այս ռիսկն էլ ավելի է մեծանում, մանավանդ երբ հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում դատական նիստից դուրս գտնվողները, այդ թվում նաև առանցքային վկաներ, հնարավորություն են ստանում ընդհուպ ուղիղ եթերում հետևել, թե ինչ ցուցմունքներ են տալիս դատավարության մյուս մասնակիցները և իրենց հետագա վարքագիծը պլանավորում են ըստ դրա: Կան այլ հանգամանքներ ևս: Մասնավորապես՝ գործի հանգամանքները կարող են առնչվել այնպիսի տվյալների, որոնց հրապարակային արծածումը բախվում է անձնական տվյալների, պետական գաղտնիքի անձեռնմելիության գործոնին: 

Եթե խոսքը վերաբերում է դատական նիստից դուրս դատախազի հետ շփումներին, ապա, այո, դատավարության որոշակի փուլում, հատկապես մինչև ապացույցների հետազոտման փուլի ավարտը, դատախազն օբյեկտիվորեն կարող է կաշկանդված լինել նման հաղորդակցության մեջ: Որովհետև գործի հանգամանքների վերաբերյալ նրա արտահայտած դիրքորոշումները կարող են ընկալվել կամ մեկնաբանվել որպես կանխակալություն, ինչը կարող է ազդել նրա կողմից մեղադրանքի պաշտպանության վրա: 

Այդուհանդերձ, զուտ այնքանով, որքանով դատախազը կարողանում է մնալ մեղադրական եզրակացության սահմաններում, միշտ խրախուսելի է նման հաղորդակցությունը: Եվ ես պետք է նշեմ, որ այս տեսանկյունից դատախազների մոտ վարքագծային դրական տեղաշարժ կա: Դուք գրեթե ամեն օր եք տեսնում, թե ինչպես են դատախազները, հատկապես հանրային ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերով, հաղորդակցվում լրագրողների հետ:

– Ինչո՞վ եք զբաղվում մասնագիտական գործունեությունից դուրս։ Ի՞նչ հոբբիներ ունեք։

– Մասնագիտական գործունեությունից դուրս հիմնականում զբաղվում եմ ընտանիքիս հոգսերով, երեխաներիս զարգացմամբ, զբաղվածությամբ: Հոբի առանձնապես չունեմ, երբեմն ազատ ժամանակ ունենալու դեպքում զբաղվում եմ սպորտով և որսորդությամբ:

Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել