Տարբեր տարիների բոլշևիկների սխալները հանգեցրին ԽՍՀՄ փլուզմանը, պատմական Ռուսաստանի փլուզումը նրանց խղճի վրա է։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Բոլշևիկների առաջնորդների, ԽՄԿԿ ղեկավարության պատմական, ռազմավարական սխալները, որոնք թույլ են տվել տարբեր ժամանակներում պետականաշինության, տնտեսական և ազգային քաղաքականության մեջ, հանգեցրին մեր միասնական երկրի փլուզմանը: Պատմական Ռուսաստանի փլուզում՝ ԽՍՀՄ անվան տակ, նրանց խղճի վրա է»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։
Նա մատնանշել է, որ հանրապետությունների՝ ԽՍՀՄ-ից անջատվելու իրավունքը «ական» էր, քանի որ ազգայնականության բացիլը չվերացավ խորհրդային իշխանության տարիներին։ Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը միշտ համագործակցել է Ուկրաինայի հետ բաց, ազնիվ և հարգելով նրա շահերը։
Ինչպես նշել է Պուտինը, ԽՍՀՄ-ն ստեղծելիս բոլշևիկները բավարարել են ազգայնականների բոլոր «ցանկությունները», որպեսզի ամեն գնով մնան իշխանության ղեկին։
«Հեղափոխությունից հետո բոլշևիկների հիմնական խնդիրն ամեն գնով իշխանության ղեկին մնալն էր: Հանուն դրա նրանք գնացին ամեն ինչի՝ Բրեստի խաղաղության նվաստացուցիչ պայմաններին, այն ժամանակ, երբ Գերմանիան և նրա դաշնակիցները գտնվում էին ծանր ռազմական, տնտեսական իրավիճակում, և Առաջին համաշխարհային պատերազմի ելքը իրականում կանխորոշված էր»,- ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ 1989 թվականին ընդունված փաստաթուղթը, որը սահմանում էր ԽՄԿԿ ազգային քաղաքականությունը, փաստորեն, ճակատագրական դարձավ։ «1989 թվականի սեպտեմբերին ԽՄԿԿ Կենտկոմում ընդունվեց ըստ էության օրհասական մի փաստաթուղթ՝ կուսակցության, այսպես կոչված, ազգային քաղաքականությունը ժամանակակից պայմաններում, ԽՄԿԿ պլատֆորմը»,- հիշեցրեց Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը մեջբերել է այս փաստաթղթի որոշ դրույթներ. նրանցից մեկն ասում է, որ «ինքնիշխան սոցիալիստական պետությունների իրենց կարգավիճակին համապատասխանող բոլոր իրավունքները պատկանում են միութենական հանրապետություններին»։