Դատավորները հակված չեն վեճերն ուղարկել հաշտարարությամբ լուծելու․ Գագիկ Գրիգորյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում: Այդ փոփոխություններով նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է փաստաբան, հաշտարար Գագիկ Գրիգորյանի հետ։

Նրա կարծիքով՝ պարտադիր հաշտարարություն սահմանելն արդյունավետ կլինի, հատկապես այն գործերի համար, որոնք վերջիններս կարողանում են հեշտությամբ հարթել:

«Ռազմավարության ծրագրով նախատեսվում է միայն մի քանի վեճերի դեպքում պարտադիր հաշտարարություն սահմանել, բայց կարծում եմ, լավ կլիներ, որ մյուս գործերի վրա ևս այն կիրառվեր: Եթե կոնկրետ գործերով քաղաքացիները կամ իրավաբանական անձինք պարտավորված լինեն, մինչև դատարան գնալը, դիմել հաշտարարի՝ վեճը հաշտարարությամբ լուծելու համար և միայն չստացվելուց հետո նոր դիմեն դատարան, ապա հաշտարարության կիրառելիության տարածումը կմեծանա: Այդ պարագայում  կբեռնաթափվեն նաև դատարանները:

Պարտադիր հաշտարարություն սահմանելը կնպաստի նաև հասարակության, տնտեսական, ֆինանսական, ամուսնական, ընկերական, աշխատանքային և այլ հարաբերություններում վեճերի արագ կարգավորմանը և լուծմանը»,- ասաց նա:

Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով:

Հաշտարարի կարծիքով՝ այսպիսի բարեփոխումը կարող է ունենալ դրական ազդեցություն:

«Քանի որ հաշտարարության պրակտիկան մեր երկրում տարածված չէ, և իրար հետ վիճող կողմերը շատ քիչ դեպքերում են դիմում հաշտարարի ծառայությանը, հետևաբար դժվար է գնահատել, թե այս բարեփոխումը որքանով կբարձրացնի հաշտարարի աշխատանքի արդյունավետությունը: Քանի որ որոշ դեպքերում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, հնարավոր չի լինում կողմերի ներկայությունն ապահովել հաշտարարի հետ հանդիպմանը, այս պարագայում հեռավար հաշտարարությունը կնպաստի ժամանակ խնայելուն, ինչպես նաև հեռու տարածությունից հաղորդակցվելու հնարավորություն կտա վիճող կողմերի և հաշտարարի միջև: Կարծում եմ, որ այն դրական ազդեցություն կունենա»,- նշեց Գրիգորյանը:

Խոսելով հաշտարարության ոլորտում առկա այն բացերի մասին, որոնք ռազմավարության մեջ ընդգրկված չեն, հաշտարարն ասաց. «Հասարակության կողմից հաշտարարությունը որպես վեճերի արդյունավետ այլընտրանքային միջոց դիտարկելու խնդիրն է: Կարծում եմ, ավելի շատ պրակտիկայի խնդիր է, քան իրավական կարգավորումների:

Հաշտարարությունը որպես ինստիտուտ ներդրվել է 2015 թվականից: Թեև վերջին տարիներին բավականին կատարելագործվեց հաշտարարության վերաբերյալ օրենսդրությունը, բայց այս պահին դժվար է օրենսդրական բացերի մասին խոսելը, քանի որ դրա կիրառման փորձը բավականին քիչ է մեր իրականության մեջ:

Օրինակ՝ դատավորները մեծ դեր ունեն հաշտարարության կիրառելիությունը մեծացնելու գործում և նշեմ, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վիճող կողմերին հաշտարարության մասին տեղեկացնելու պարտականություն է դրել դատավորների վրա: Ուստի դատավորը պարտավոր է վիճող կողմերին առաջարկել դիմել հաշտարարների և վեճը կարգավորել հաշտարարության միջոցով: Սակայն, որպես կանոն դատավորների մեծամասնությունը այս պարզ աշխատանքը չի կատարում: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված է, որ դատարանը վեճը հաշտությամբ լուծելու իրական հնարավորություն տեսնելու դեպքում կարող է որոշում կայացնել և գործն ուղարկել հաշտարարին, բայց գործնականում նման դեպքեր շատ քիչ են տեղի ունենում: Դատավորները հակված չեն վեճերը ուղարկել հաշտարարությամբ լուծելու: Ես կարծում եմ, որ պատճառներից մեկն էլ սա է, որ հաշտարարության կիրառելիությունը մեծ տարածում չի գտնում մեր երկրում: Մյուս պատճառն էլ մեր հասարակության մտածողությունն է, արժեհամակարգը, վեճերի նկատմամբ նրանց մոտեցումները, ինչպես նաև վեճերը լուծելու մեխանիզմների վերաբերյալ պատկերացումները»:

Հաշտարարը ոլորտում օրենսդրական մակարդակում կատարվող փոփոխությունները բավարար է համար:

«Բավարար չեմ համարում սահմանված կանոնների կիրառման պրակտիկան: Այսինքն՝ խնդիրը մեծամասամբ կիրառելիության մեջ է: Քանի, որ ինստիտուտը նոր է և խորթ է մեր հասարակության համար, ուստի պետական հատուկ քաղաքականության կարիք կա, որպեսզի այս ինստիտուտը կայանա, բայց դա չի կատարվում: Ճիշտ է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեցին, բայց հատուկ քաղաքականություն չտարվեց այս ինստիտուտի զարգացման համար: Օրինակ՝ օրենսդրությամբ սահմանված է, որ ամեն տարի պետք է հաշտարարների արտոնագրման մրցույթ իրականացվի, բայց դա չի կատարվում: Հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպություն գոյություն ունի, բայց այդ կազմակերպությունն էլ չի կարողանում գործել, քանի որ հաշտարարների քանակը շատ քիչ է»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել