«Մի խելագարի ձեռք ընկել է իշխանություն և ուզում է հպատակեցնել եկեղեցին»․ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Մի խելագարի ձեռք ընկել է իշխանություն և ուզում է հպատակեցնել եկեղեցին, եկեղեցին դարձնել իրեն հլու-հնազադ գործիք, բայց չի ստացվելու իր մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

«Եկեղեցին երբեք ու երբեք որևիցե մեկի գործիքը չի եղել և կից կառույցը չի եղել։ Շնորհակալություն պետք է հայտնենք այն հայորդիներին, ովքեր եկել էին աջակցություն ցույց տալու, պաշտպանելու Մայր Աթոռն ու եկեղեցականներին։ Այսօր օրինակ, շատ ոստիակններ լաց էին լինում, ասում էին՝ մենք տեղյակ չենք, թե ուր են մեզ բերել և արցունքները գնում էին աչքերից։ Մոռանում են, թե ինչի հետ գործ ունեն։ Եկեղեցին աստվածահաստատ կառույց է, ով աստվածահաստատ այդ կառույցին դեմ գնաց, մի փոքրիկ քար շպրտեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու և իրենք ճզմվելու են։ Ոչ մի եզր չկա իրենց հետ որևէ բան քննարկելու , եթե իրենք սրտացավ լինեին եկեղեցու հետ կապված՝ իրենց շատ անգամներ ձեռք մեկնվել է, բայց այդ հրավերին պատասխան չի եղել։ Իրենց նպատակը հրահանգ կատարելն է։ Ես կարծում էի, որ իրենց մեջ կան մարդիկ, որոնք սեր ունեն հայրենիքի նկատմամբ, բայց այս վերջին օրերին ես ցավոք սրտի համոզվեցի, որ չկա այդ բանը։ Նրանց նպատակը փողն է, իշխանությունն է, նրանց համար սրբություն չկա։ Սրանք բացարձակ լկտիներ են և լկտիությամբ առաջ են գնում։

Սրբազանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, որոնք վերաբերում են կուսակրոնության ուխտ տված հոգևորականներին։

«Ես, որևիցե մեկի տեղը չեմ կարող պատասխան տալ և որևիցե մեկի համար ես մեղք չեմ վերցնի իմ վրա՝ որևիցե մեկին զրպարտելով, ես իմ անձի փոխարեն կարող եմ ասել։ Չկա մարդ, որ ապրի այս երկրի վրա և մեղք չգործի։ 5000 երեխաների պատասխանն ո՞վ է տալու, Արցախի պատասխանն ո՞վ է տալու, այդ բազմաթիվ եկեղեցիների պատասխանն ո՞վ է տալու։ Թմրանյութը, անբարոյականությունը, աղանդավորականությունը լցված է երկրում ո՞վ է պատասխան տալու։ Այսօր մենք ի՞նչ ենք անում․ հանձնում ենք ավանդ տրված հայրենիքը, ով ուզեց, տվեցինք»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել