Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է այն կարճել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՍԴ աշխատակարգային որոշումը հրապարակվել է հունիսի 10-ին։
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ մասը (ներկայացուցիչներ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայան, փաստաբան Արամ Վարդևանյան, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան) դեռևս հունվարի 22-ին է դիմել ՍԴ՝ վերոգրյալ կարգավորման Սահմանադրության 73-րդ հոդվածի համապատասխանության հարցի վերաբերյալ։
Դիմումատուները պնդել են, որ այդ ամենն անմիջականորեն փոխկապակցված է փաստաբանական գործունեության՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ անկախության և ինքնակառավարման երաշխիքների հետ։
Նրանց գնահատմամբ՝ «(…) Օրենքի ընդունմամբ ոչ միայն անմիջականորեն վտանգի տակ են դրվել վերոնշյալ երաշխիքները, այլև ստացվել է այնպես, որ պետությունն անտեսելով փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը, այն հավասարեցրել է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են, ի թիվս այլնի, խաղատնային գործունեությունը, արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, շահումով խաղերի իրականացումը, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը և այլն։
«Նշված գործունեության ոլորտները ոչ միայն որևէ կերպ համադրելի չեն, այլ նաև per se վտանգում են իրավական պետության քաղաքականության առաջնահերթություն համարվող` իրավապաշտպան գործունեության անկաշկանդ իրականացման նախադրյալները»,-ասված է դիմումի մեջ։
Դիմողը նշել է նաև, որ պետությունը փաստաբանական ծառայությունների մասով իր հարկային քաղաքականությունը վերանայելիս չի կարող հաշվի չառնել փաստաբանական ծառայությունների ուղղակի ազդեցությունը ՀՀ-ում մարդկանց իրավաբանական օգնություն ստանալու և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքներից օգտվելու վրա։
Նրանք անդրադարձել են pro bono հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրմանը՝ ընդգծելով, որ հարկային բեռի ավելացման և ավելացված արժեքով հարկման ռեժիմի նախատեսման պայմաններում փաստաբանների կողմից կամավոր անհատույց հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ ընդունված օրենսդրական կարգավորումները փաստացի կդադարեն գործելուց, այդպիսի օգնություն չի տրամադրվի դրա կարիքն ունեցող անձանց՝ նկատի ունենալով, որ այդպիսի օգնությունը ևս ենթակաէ լինելու հարկման։
Պատասխանողն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է:
Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հանրագումարային բեռի կիրառումը որպես հարկային բեռի բարձրացում դիտարկելու հարցի առնչությամբ պատասխանողն ընդգծում է. «(…) այդ բեռի բարձրացման սաստկությունն այն մակարդակում չէ, որ իմաստազրկի անձի սահմանադրական իրավունքների, այդ թվում՝ փաստաբանական օգնություն ստանալու իրավունքի բուն էությունը, այն մակարդակում չէ, որ ծառայությունների մատուցման ոլորտում հնարավոր ռիսկերի, ստվերային գործունեության, ոչ բարեխիղճ կամ հարկերից խուսափող կամ հարկերը թերի վճարող տնտեսվարողների գործունեության արդյունքում առաջացած բացասական հանգամանքները կանխելու կարևորագույն նպատակի կշռի հետ համեմատվելու արդյունքում գերակշռի»:
Սահմանադրական դատարանը գտել է, որ հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ըստ ՍԴ-ի՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կնքված պայմանագրերի մասով 2025 թ․ հունվարի 1-ից հետո մատուցվող փաստաբանական ծառայությունների հարկման համակարգի պայմաններում ծառայությունների մատուցման պահի հետ կապված հարցին պետք է լուծում տա իրավակիրառը (հարկային մարմին/դատարանները):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ բարձր դատարանը գտել է, որ դիմողի կողմից բարձրացված երկրորդ հարցադրման առնչությամբ դիմողը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն՝ հիմնավորելու վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը, ինչը, ինքնին, բացառում է բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Լ է՝
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 12.06.2024 թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։