ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով կոնկրետ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:
Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար ընդամենը կարող եմ նշել, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված՝ շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին»,-նշել է նա:
Ավելի վաղ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել ու նշել, որ մտահոգություն են հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։