Վեհաժողովը կոչ է արել  Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին պաշտպանել ԼԳԲՏ քաղաքացու իրավունքները. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի անդամների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքից, փոխանցում է Aliq.ge-ն։

Բանաձևի համաձայն՝ խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում ԼԳԲՏ անձանց վիճակով և այս երկրներում բացահայտված մարդու իրավունքների խախտումներով։

Ըստ վեհաժողովի բանաձևի՝ տվյալ երկրի մշակութային և կրոնական ավանդույթները չեն կարող օգտագործվել կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային արտահայտման և սեռական հատկանիշների հիման վրա խտրականությունը հիմնավորելու համար:

Ինչպես բանաձևում է ասվում, այս երեք  երկրները պետք է ստեղծեն արդյունավետ օրենսդրություն՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելով այս ուղղությամբ։

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրող պարտավոր է ապահովել հիմնարար իրավունքների իրացումը, գտնել դրանց միջև հակամարտությունից խուսափելու լավագույն միջոցը»,- ասված է բանաձևում։

Այնուամենայնիվ, վեհաժողովը ողջունել է օրենսդրության ընդունման միջոցով խտրականության դեմ պայքարում Վրաստանի արձանագրած առաջընթացը։ Քրեական օրենսգրքում խոսվում է գենդերային խտրականությունն արգելելու և ԼԳԲՏ ֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկելու մասին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը միևնույն ժամանակ նշել է, որ դեռևս մի շարք չլուծված խնդիրներ կան։

Վեհաժողովի կոչը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին հետևյալն է.

  • ապահովել ԼԳԲՏ քաղաքացու իրավունքներին աջակցող հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունքը, ապահովել այդպիսի երթերի անվտանգ անցկացումը և մասնակիցներին պաշտպանել ցանկացած բռնությունից,
  • նպաստել լրատվամիջոցների և խորհրդարանի անդամների վարքագծի կանոնների ընդունմանը` կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական և ատելության խոսքի օգտագործումը,
  • ապահովել լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգությունը,
  • արդյունավետ հետաքննել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հետապնդումների և բռնությունների դեպքերը,
  • ներդնել արագ, թափանցիկ և մատչելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան տրանսգենդերներին փոխել իրենց անունը և սեռը անձը հաստատող տարբեր փաստաթղթերում,
  • իրականացնել մարդու իրավունքների իրազեկման արշավ կրթական և այլ հաստատություններում,
  • տրամադրել հատուկ և շարունակական ուսուցում ատելության խոսքի և ատելության շարժառիթներով հանցագործության վերաբերյալ դատական ​​և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին,
  • հեշտացնել Օմբուդսմենի և մարդու իրավունքների այլ պաշտպանների դերը:

Մասնավորապես, Վրաստանի կառավարությանն ուղղված բանաձևի տեքստում ասված է, որ անհրաժեշտ է ստեղծել ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ երկխոսության մարմին, որը կաշխատի նրանց հետ շտկելու վերաբերմունքը հանրային միջոցառումների նկատմամբ, ինչպիսիք են «հպարտության» երթերը կամ այլ միջոցառումները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել