Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ այդ թվում դրա կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով 2019-2020 թվականներին` նախապես այն քննարկելով քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:
Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է «Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, փաստաբանների պալատի անդամ Մարատ Ատովմյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել կատարված աշխատանքների մասին:
Նրա խոսքով՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագիծը 2019-2020 թվականներին Կառավարության հաստատմանը ևԱԺ ընդունմանը չներկայացնելը համարում է չիրականացված գործողությունների շարքը:
Հարցին թե ինչու՞ մինչ այս պահը Փաստահավաք հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Վստահ չեմ, որ պատճառների մասին կարող է անգամ խոսել ՀՀ արդարադատության նախարարության հաճախակի փոխվող ղեկավարությունը: Հնարավոր է, որ ռազմավարության մեջ ամրագրելուց հետո էլ չի կարևորվել նման հանձնաժողովի ստեղծումը: Ամեն դեպքում բարեխիղճ հանրային կառավարման կարևոր նախապայմաններից է գործի համընկնումը հայտարարածի հետ»։
Մարատ Ատովմյանը Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը և դրա արդյունավետ գործունեությունը անհավանական է համարում:
«Նման հանձնաժողովի ստեղծման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է կամք, հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմ, քաղաքական չեզոքություն, հանձնաժողովի գործունեության հստակ մեխանիզմներ, ռեսուրսներ և այլն: Շատ ավելի հեշտ է նման հանձնաժողովի մասին ռազմավարական դրույթ ամրագրել, քան իրականում այն ձևավորել»,- ասաց նա: