ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Ժամը 18:30-ի դրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնել է հայակական կողմի երեք վիրավորի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։