ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Ղազախստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ից 13-ը կայցելի Ղազախստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Նշվում է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ղեկավարումը։

Նախատեսվում է, որ Ստանիսլավ Զասը կայցելի նաև Ալմաթի, որտեղ կհանդիպի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ, կծանոթանա քաղաքում տիրող իրավիճակին, կայցելի հրամանատարական կետ և տեղակայման կետեր։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել