Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում, իր գործառույթները կատարելուց հետո դուրս կբերվի հանրապետությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունն անվանել է չափազանց ժամանակին և օրինական։
«Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ-ը գործնականում ցույց է տվել իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու կարողությունը, ասել է ՌԴ ղեկավարը։ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Սերդյուկովը գիտի իր գործը: Ռուսաստանը հասկանում է, որ Ղազախստանին սպառնացող վտանգը առաջացել է ոչ թե ինքնաբուխ բողոքի ակցիաներով, այլ զենքեր վերցրածների պատճառով»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ղազախստանը բախվել է միջազգային ահաբեկչությանը։ Ղազախստանում օգտագործվել է «մայդանից» հայտնի անկարգությունների տեղեկատվական ուժային աջակցության տեխնոլոգիաներ։ Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, մի շարք կենսական նշանակության օբյեկտներ ամբողջությամբ մաքրվել են զինյալներից, ասել է Պուտինը։ Նա վստահ է, որ մոտ ապագայում իրավիճակը ողջ Ղազախստանում կկայունանա համատեղ ջանքերով։ Նա վստահ է, որ Ղազախստանի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ բարելավելու իրավապահ մարմինների բնականոն աշխատանքը և երկրի տնտեսությունը։
Պուտինն առաջարկել է հանձնարարել ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին առաջարկներ ներկայացնել արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար։