Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Նուրսուլթան Նազարբաևի օդանավակայանից դեպի Ալմաթի մոտակա բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին գրում է TASS-ը։
Նուր-Սուլթանի օդանավակայանի մոտ մի քանի զրահափոխադրիչ է տեղակայվել, շրջակայքում մարտական հերթապահություն է իրականացվում։ Մեկնման սրահի մուտքի մոտ հերթ է կուտակվել, քանի որ անվտանգության աշխատակիցները մարդկանց այնտեղ չեն թողնում։ Անցնել կարող են միայն մոտակա չվերթների ուղևորները։
Բացի այդ, մեկնման սրահ արգելվում է մտնել նաև այն մարդկանց, ովքեր պետք է մեկնեին Ալմաթի: Հարցին, թե ինչպես կարելի է հասնել այդ քաղաք, անվտանգության աշխատակիցներն ասում են, որ չգիտեն:
Նախորդ գիշերը Ալմաթիի պարետատունը հայտնել էր, որ իրավապահ մարմինները հակաահաբեկչական հատուկ օպերացիա են սկսել։ Քաղաքում բջջային կապն ու ինտերնետն անհասանելի են:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։