Նկարիչ Գևորգ Սահակյանը սովորել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մակավարաժական համալսարանի գեղարվեստi ֆակուլտետում։ Այժմ ծառայում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, կապիտան է։
Նրա առաջին անհատական ցուցադրությունը եղել է 2008 թվականին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։ 2-րդ ցուցահանդեսը եղել է 2018 թվականին, 3-րդ ցուցահանդեսին ներկայացված են եղել գրաֆիկական պատկերներ, իսկ արդեն չորրորդ ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել օրեր առաջ՝ դեկտեմբերի 21-ին և այցելուների համար բաց կլինի 14։00-ից մինչև 18։00-ն։ Ցուցահանդեսը կրում է «Մոնոտիպիա» խորագիրը։
Այն կազմակերպվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
«Ես կարծում եմ, որ հետաքրքիր ցուցահանդես ստացվեց։ Բացումն էլ շատ լավ է անցել։ Տեր Մխիթարի օրհնությամբ և խոսքով բացվեց։ Գնդապետ Գրիշա Սարգսյանը խոսեց և նշեց, որ ես 2 դժվար ճանապարհ եմ ընտրել և իմ երկու գործում էլ փորձում եմ լինել լավագույնը»,-նշում է նա։
Ցուցահանդեսում ներկայացված են նկարներ, որոնք արված են ապակու վրա, այնուհետև արտատպվել են թղթին։
«100-ից ավել աշխատանքներ էի արել, որից ընտրել ենք 37-ը։ Իմ 4 ցուցահանդեսները տարբերվել են մեկը մյուսից։ Մարդկանց հետաքրքրում է նկարներում պատկերված հոգևիճակը։ Լինում են դեպքեր, երբ նկարում պատկերված հերոսներն են ցանկանում գնել իրենց դիմանկարները»,-ասաց Գևորգ Սահակյանը։
Ըստ նկարչի՝ նկարն ու գիրքը շատ կարևոր և թանկ նվեր են, մնայուն արժեք են։
Նկարիչը նշում է, որ կան աշխատանքներ, որոնք երբեք չի վաճառի, նման նկարներից կար նաև ցուցահանդեսում՝ իր կնոջ դիմանկարն էր․ «Նկարները, որոնք ստեղծում ենք, դառնում է մեր մի մասնիկը, շատ դժվար է այդ մասնիկից բաժանվել, բայց մյուս կողմից էլ, երբ բաժանվում ենք այդ մասնիկից ավելի լավ ու հետաքրքիր գործեր են ստեղծվում»։
Խոսելով արվեստի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածության մասին՝ նա նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են արվեստով, հետևում են, բայց այլ երկրներում արվեստն ավելի շատ և կարևոր տեղ ունի։
«Կարծում եմ, որ դա կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակից և ներկայիս իրադարձություններից՝ կորոնավարակ, պատերազմ, բայց ես վստահ եմ, որ լավ կլինի»,-ասաց նա։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի օրերին առհասարակ չի ստեղծագործել․ այլ կարևոր գործեր կային։ Զինծառայության մասին Գևորգ Սահակյանը նախընտրեց չխոսել։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 19։00-ն Փ․Բուզանդի 3 հասցեում։
Հասմիկ Սարգսյան