Չեմ կարող ասել, որ փոփոխությունները նպաստում են փաստաբանության անկախության ամրապնդմանը. Հայկ Հայրապետյան

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք Փաստաբանների պալատի անդամ Հայկ Հայրապետյանի հետ:

– Պարոն Հայրապետյան, ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով, որի կազմում պետք է ընդգրկվեն պետական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն հանդիսանում փաստաբանական պալատի կառուցվածքով նախատեսված ստորաբաժանումների անդամներ, ավելին չեն հանդիսանում նաև փաստաբաններ։ Այսպիսի փոփոխությունը չի բխում փաստաբանական գործունեության անկախության ամրապնդման շահերից։ Փաստաբանական գործունեությունը իր էությամբ, հանդիսանում է երկրի իրավական համակարգի ստաբիլիզատոր, և շատ հաճախ իրականացնելով իրավապաշտպան գործունություն, ինչը փաստաբանական գործունեության հիմնական առաքելություններից է, կարող է լինել թիրախավորված, թե՛ պետական մարմինների, թե՛ հանրության կողմից։ Նման մոտեցման հաճախ ենք ականատես լինում երբ փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Հետևաբար, այնպես ինչպես դատական համակարգը, այնպես էլ փաստաբանական համակարգը պետք է հնարավորինս զերծ մնա արտաքին միջամտություններից և պահպանի անկախություն, այնքանով որքանով դա հնարավոր է։ Առաջին հայացքից թվում է, որ կարգապահական հանձնաժողովի ստեղծումը տալիս է լրացուցիչ հնարավորություններ փաստաբանի վարքագծի քննության համար, և որպես հիմնավորում ներկայացվում է միջազգային փորձը, սակայն պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ում առկա է առանձնահատուկ իրավիճակ, և այդ իրավիճակից բխող առանձնահատկությունները, ըստ իս հաշվի առնված չեն։ Կարգապահական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն պետական մարմինների ներկայացուցիչներ, սակայն գնահատաված չէ, կա արդյո՞ք, դրա անհրաժեշտությունը։ Համեմատության համար ցուցանիշ կարող է լինել դատարանների կողմից փաստաբանների խորհրդի որոշումների բեկանման տոկոսը, հասկանալու համար, խորհրդի աշխատանքի արդյունավետությունը և նոր, լրացուցիչ կառույցի ստեղծման նպատակահարմարությունը։

Պետք է արձանագրենք, որ փաստաբանությունը այսօր Հայաստանում բացառիկ կառույցներից է, որը շարունակում է իր անկախ գործունեությունը, և ծանոթանալով օրենքի նախագծին չեմ կարող ասել, որ փոփոխությունները նպաստում են այդ անկախության ամրապնդմանը։

– Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը, որպես պալատի նախագահ

– Ընդհանուր առմամբ կոլեգիալ կառավարումը ինքնին դրական գաղափար է, և բխում է զսպումների և հակակշիռների սկզբունքի ապահովման և արդյունավետ իրականացման տրամաբանությունից։ Մարմինը, որը բաղկացած է իրավահավասար անդամներից, առաջին հայացքից պետք է շահի կոլեգիալ կառավարման զարգացման արդյունքում։ Սակայն, այսպիսի փոփոխությունները չպետք է հանդիսանան պալատի ներսում ճգնաժամերի առաջացման կատալիզատոր։ Մասնավորապես, նոր փոփոխություններով, փաստաբանների պալատի նախագահը չի ունենալու լիազորություն հարուցել կարգապահական վարույթ փաստաբանի նկատմամբ, ինչը նշանակում է նախագահի ինստիտուտի թուլացում, այդ լիազորությունը վերապահված է լինելու կարգապահական հանձնաժողովին, թեպետ նախագիծը նախատեսում է հնարավորություն վերանայել հանձնաժողովի որոշումները պալատի խորհրդի միջոցով, այնուամենայնիվ կարող ենք ասել, որ այսպիսի մոտեցումը բացի նրանից, որ ծանրաբեռնելուէ պալատի աշխատանքը լրացուցիչ բյուրոկրատիայով, այլ նաև հակասություն է ստեղծելու պալատի տարբեր մարմինների միջև, և արդյունքում հանգեցնելու է լրացուցիչ լարվածության առաջացման։ Չկա, հիմնավորում, թե ինչ իմաստ ունի իրականացնել կրկնակի քննություն պալատի ներսում, այլ ոչ թե մեկ որոշում ունենալուց հետո դիմել դատարան որոշման բողոքարկման նպատակով, եթե առկա են այդպիսի հիմքեր։ Չպետք է մոռանալ նաև, որ գործող կարգավորումներով պալատի խորհուրդը գործում է կամավոր սկզբունքներով, կարգապահական հանձնաժողովի աշխատանքի համար ևս հատուցում չի նախատեսվում, արդյունքում կարող են առաջանալ լրացուցիչ խնդիրներ համապատասխան որակավորում և բավարար աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին ներգրավման հարցում։

– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

– Ըստ էության դա նոր փոփոխություն չէ, քանի որ փաստաբանները միշտ էլ անվճար իրավաբանական և փաստաբանական օգնություն մարդկանց մատուցել են աշխատանքի բանականոն գործունեության ընթացքում, և հիմա էլ շարունակում են մատուցել, այն սովորական պրատիկա է, քանի որ փաստաբանությունը առաջին հերթին իրավապաշտպան գործունեությունն է։ Այս մոտեցումը ավելի շատ միտված է հարկային վարչարարության աջակցմանը, նպատակը բնականաբար հարկային ստվերի դեմ պայքարն է, որը ծառայությունների մատուցման ոլորտում միշտ բարձր է եղել, սակայն անվճար փաստաբանական ծառայություների մատուցման քանակի մեծացման տեսանկյունից այն էական ազդեցության չի ունենա, փոխարենը լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածություն կառաջացնի փաստաբանների համար, ովքեր ստիպված կլինեն լրացուցիչ հաշվետվություն ներկայացնել պալատին։  Անշուշտ հարկային ստվերի դեմ պայքարել պետք է և պալատը նույնպես պետք է աջակցի այդ պայքարին, բայց այս փոփոխությունը կարող է ունենալ ճիշտ հակառակ ազդեցությունը, քանի որ փաստաբանները ավելորդ փաստաթղթաշրջանառությունից խուսափելու համար կարող են ձգտել հրաժարվել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելուց։ Այնպես որկան ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնվեն։

– Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

– Խնդրահարույց կետեր անշուշտ կան, որոնց մասամբ անդրադարձել եմ նախորդ հարցերին պատասխանելիս, եթե ընդհանրացնենք ապա խնդիրները հիմնականում լրացուցիչ անհամաչափ բյուրոկրատիայի ստեղծումն է թե՛ պալատի, թե փաստաբանների համար,  ինչը կարող է ստեղծել ավելի շատ խնդիրներ, քան թե լուծել դրանք։

– Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

– Ընդհանուր առմամբ, փոփոխությունների պատճառը ոչ այդքան կարևոր է, քան այն խնդիրները որոնք պետք է լուծվեն փոփոխությունների միջոցով և այդ խնդիրների լուծման համար ճիշտ գործիքակազմի ընտրությունը։ Ցանկացած կառույց լինի ինքնակառավարվող, թե պետական, ունի փոփոխությունների կարիք հաշվի առնելով զարգացող մարտահրավերները։ Նախագիծը այն տեսքով որով, որ ինքը այս պահին առկա է և այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, դրական գնահատել չեմ կարող, քանի որ չեմ տեսնում, թե ինչպես պետք է նախկինից առավել արդյունավետ ապահովվեն փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ երաշխիքները կամ ինչպես պետք է ընդարձակվեն առկա երաշխինքների քանակը։Փոխարենը տեսնում եմ մեխանիզմներ փաստաբանների նկատմամբ վերահսկողության և արտաքին միջամտության ապահովման համար, ինչն անշուշտ չի կարող բխել փաստաբանների շահերից։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել