Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեպի Հայաստանի հետ սահման երկաթգիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։
«Ադրբեջանն արդեն սկսել է աշխատանքները, և մինչև 2023 թվականի վերջ պետք է պատրաստ լինի երկաթուղային գիծը Ղարաբաղից մինչև Հայաստանի հետ սահման»,- ասել է Ալիևը իտալական Il Sole 24 Ore պարբերականին։
Նա հույս է հայտնել, որ «մինչև այդ Հայաստանը կկատարի իր տնային աշխատանքը» (Հայաստանի տարածքում երկաթգծի կառուցումը-խմբ․):
Ալիևը նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
«Կարծում եմ, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, երկու կողմերն էլ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, հատկապես այն նոր իրողությունների վերաբերյալ, որոնք ի հայտ եկան երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, թե ինչպես հարմարվել այդ իրողություններին և սովորել ապրել հարևանությամբ»,- ասաց նա։
Նախագահը նշել է, որ կողմերը քննարկել են «հետպատերազմյան իրավիճակի գործնական տարրերը, հատկապես՝ հաղորդակցությունների բացումը»։
«Սա անցած տարվա նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է, սակայն դրա իրականացումը շատ դանդաղ է ընթանում: Այսպիսով, դեկտեմբերի 14-ին Հայաստանը կարևոր որոշումներ է կայացրել երկաթուղու գործնական իրագործումը սկսելու անհապաղ գործողությունների վերաբերյալ»,- ընդգծել է Ալիեւը։