Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնում․ Չավուշօղլու

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Հանրապետության հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ԱՄԷ կատարած այցի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք մեր հատուկ ներկայացուցիչ կնշանակենք ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին»,- ասել է արտգործնախարարը TRT հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ողջունում է, որ կողմերը երկխոսում են և քննարկում հարաբերությունների կարգավորումը, իսկ երկու կողմերից ներկայացուցիչներ նշանակելը տրամաբանական և ողջամիտ է․ «Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար․ «Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն (հարաբերությունները) կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»։

Նրա հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել