Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», – ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և աշխատի խաղաղության պայմանագրի վրա։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, իրավիճակն ավելի կայուն է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների կարգավորման համար։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան։ Բայց մինչ օրս դրական ազդանշաններ չեն եղել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել