Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած. Փայլանը՝ Չավուշօղլուին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված   հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։

Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան: Առանձնաշնորհյալության հիվանդությունն է ներթափանցել:

Այդ ժամանակ ասացին, թե բա մենք թուրք ենք: Շատ լավ, բարով եք եկել, բայց չէ՞ որ այստեղ էլ (մինչև թուրքերի գալը-խմբ.) ժողովուրդներ կային: Միասին ապրեցինք, միասին քաղաքակրթություն հիմնեցինք: Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր: Ինչ արել ենք, միասին ենք արել: Հետո ազգայնականության ու առանձնաշնորհյալության հիվանդությունը եկավ»:

Փայլանը հիշեցրել է, որ Գիրգոր Զոհրապը, որն Օսմանյան խորհրդարանի ամբիոնից խոսում էր միասին ապրելու և հավասար իրավունքների մասին, դաժանաբար սպանվեց կոտորածի ժամանակ: Հայ պատգամավորի խոսքով՝ հայ և հույն ժողովուրդները դավաճանվել են:

Փայլանը շեշտել է, որ թուրքերի պատմությունն առանց հայերի ու քրդերի հնարավոր չէ շարադրել: Նույն կերպ էլ հնարավոր չէ հայերի պատմությունը առանց թուրքերի ու քրդերի պատմել: Ապա դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ նրան տարիներ շարունակ կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործի հայրենակիցներ/քաղաքացիներ բառը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել