Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարաների միջև հաստատվել է ուղիղ կապ

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Նախագահ Միշելը երկու ղեկավարներին հայտնել է ԵՄ-ի հանձնառության հավաստիքը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Ադրբեջանի հետ հակամարտությանը հաղթահարման, համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո ամրագրվում է համապարփակ խաղաղության համաձայնագրի հիմքում։ Բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճող Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ երկու՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները հարգվելու են, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված փոխըմբռնումները պետք է հիմք ծառայեցվեն։

Նախագահ Միշելը բարձր է գնահատել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու համար երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը։ Մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության թուլացմանը:

Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային մարդասիրական խնդիրների լուծումը վճռորոշ է։ Նա ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ պահվող անձանց ազատ արձակումը և Հայաստանի կողմից՝ մնացած բոլոր տարածքների ականապատման քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծման գալ բոլոր մարդասիրական խնդիրների՝ մյուս պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրին անդրադարձի շուրջ՝ միաժամանակ ճանաչելով, որ երկու կողմի մարդասիրական վարմունքը խթանում վստահության մթնոլորտ և նպաստավոր միջավայր ստեղծում խաղաղության ուղղությամբ առաջընթացի և հաշտության համար:

ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և օգնություն հակամարտության ազդակիր բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։

Ղեկավարներն անդրադարձել են ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությանը:

Նրանք նաև քննարկել են վստահության զարգացման, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման նպատակով տնտեսական խորհրդատվական հարթակ գործարկելու ԵՄ-ի մտադրությունը:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռքբերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով տեղում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել բարեխղճորեն ակտիվ ներգրավվել և աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն հասանելի կդարձնի փորձագիտական առաքելություն և խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ միևնույն ժամանակ լիարժեք հարգանք դրսևորելով բոլոր երկրների ինքնիշխանություն նկատմամբ։

Համաձայնություն է ձեռքբերվել՝ շարունակելու երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածությունների պայամաններում և փոխադարձության սկզբունքի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միակցվածության կապերի զարգացմանը՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է նպաստել այս գործընթացին:

Ղեկավարները պայմանավորվել են հետամուտ լինել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել