ՀՀ նախագահի պաշտոնական հաղորդագրությունը մանիպուլյատիվ է․ որոշ փաստեր ֆիլտրվել են

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 29-ին հաղորդագրություն հրապարակվեց այն մասին, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ ապագա լրագրողների հետ։ Այս հաղորդագրությունը մանիպուլյատիվ է, քանի որ նրանում փաստ է ֆիլտրվել։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբին և նրանց հետ աշխատող մասնագետների թիմի ներկայացուցիչների հետ: Ծրագիրն իրականացվում է FactorTV-ի կողմից՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այնինչ Deutsche Welle Akademie-ի հայտարարության մեջ համաֆինասավորողների մասին այլ տվյալներ ևս կան, որոնք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված չէ։

Ակադեմիայի հայտարարությունում նշվում է․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանում նոր նախագիծ ենք սկսել։

Մեր գործընկերների՝ BBC Media Action-ի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, «Հետք»-ի, Factor TV-ի և Հայաստանում Եվրոպական միության և Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung (BMZ) աջակցությամբ մենք սկսեցինք «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը»։

Ինչպես երևում է, նախագահականի լուրում չի նշվել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցության մասին ((հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ):

Հատկանշական է, որ փաստերի ստուգման որոշ հարթակներ ցուցաբերելով ընտրողական մոտեցում՝ չեն անդրադարձել այս իրողությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել