Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է օմիկրոն կորոնավիրուսի տարբերակի ի հայտ գալու վարկածը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նա ասաց, որ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այս շտամը, սակայն, ըստ դիտարկվող վարկածներից մեկի, այն կարող էր առաջանալ թուլացած իմունիտետով վարակված հիվանդից, ով չէր կարող լիովին ապաքինվել վիրուսից և օրգանիզմում վիրուսը զգալի ժամանակ բազմացել է»,–գրում է թերթը։
ԱՀԿ-ի խոսնակը նաև կոչ է արել չխարանել այն պետություններին, որոնք նոր տարբերակներ են հայտնում նոր շտամի առաջացման պատճառով և արձագանքել հավասարակշռված ձևով:
«Մեզ անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում ռիսկերի նկատմամբ: Դելտայի շտամը ոչ մի տեղ չի գնացել, մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են դրանից: Մենք չպետք է մոռանանք, թե քանի մարդ է դրանով վարակված», – հիշեցրել է նա:
Վան Կերխովը նաև կարծում է, որ օմիկրոնի հայտնաբերումը կարող է համեմատվել 2019-2020 թվականներին Չինաստանում կորոնավիրուսի հայտնաբերման հետ: ԱՀԿ ներկայացուցիչը տվյալներ չի ներկայացրել նոր շտամով վարակվածների թվի մասին։