Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և որոշել կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես «անհանգստացնող», ասվում է Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակի հայտարարության մեջ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 տարբերակը տագնապալի է: Այն ունի ավելի շատ մուտացիաներ, քան գիտությունը գիտի այլ տագնապալի տարբերակների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկայումս գործող պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետություն ցույց տալ նոր շտամի դեմ: Ըստ մասնագետների՝ այս տարբերակն ավելի վարակիչ է, քան աշխարհում գերիշխող «դելտան»։
Նշենք, որ Բոտսվանայում 32 մուտացիա պարունակող կորոնավիրուսի նոր շտամ է հայտնվել, հայտնում են բրիտանացի գիտնականները։ Միացյալ Թագավորությունը պարզաբանել է, որ նոր տարբերակն ավելի շատ փոփոխություններ ունի հասկի սպիտակուցի մեջ, քան վիրուսի մյուս շտամները։ Հարավաֆրիկյան Հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտն ավելի ուշ հաստատել է կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 22 դեպքի նույնականացման մասին տեղեկությունը։