Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ օրեր առաջ ունեցած ելույթում, տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։
«Երբ սկսվեցին այդ խոսակցությունները, խոսքը գնում էր դատավորներին վեթինգի ենթարկելու մասին, չգիտես ինչու դատավորներին վեթինգի չենթարկեցին, պետական համակարգը վեթինգի չենթարկեցին և ըստ էության սևեռվել են փաստաբանների վրա»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանը կողմնակից է հանրության շրջանում բոլոր իրավասու ինստիտուտներին վեթինգի ենթարկելու անհրաժեշությանը. «Միայն այն հանգամանքը, որ առանց դատական համակարգը վեթինգի ենթարկելու կամ առանց դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու այսօր թիրախավորվում է փաստաբանությունը, ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ իրենք իրենց համակարգը չմաքրելով, սևեռվում են այլ դաշտերի վրա»։
Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ ընկալման խնդիր կա. ինչպես են ընկալում վեթինգը, ինչ են հասկանում դրա տակ, ինչպես են պատկերացնում դրա իրականացման ձևը. «Թող իրենք վեթինգի ենթարկվեն, նոր անցնեն մյուս ոլորտներին: Այդ ո՞վ ինձ պետք է վեթինգի ենթարկի: Վեթինգի ենթարկողները թող ենթարկվեն վեթինգի, նոր մտածեն այլ ինստիտուտների վեթինգի ենթարկելու հնարավորության մասին»:
Նորիկյանի խոսքով՝ ամբողջ դատական համակարգը վերափոխման անհրաժեշտություն ունի և մարդկանց կյանքի որակը փոխելուն միտված քայլեր պետք է արվեն, ինչպես դատական համակարգում, այնպես էլ փաստաբանության ոլորտում:
Անդրադառնալով փաստաբանների և դատավորների հնարավոր ստվերային կապերին, նա նշեց. «Եթե այդ կապերն ուղղված են արդարադատության աղավաղմանը, այլասերմանը, ես դա միանշանակ դատապարտում եմ և գտնում եմ՝ անկախ նրանից, ով ուզում է լինի, եթե որևէ խնդրի լուծում կատարում է հակաօրինական եղանակով, դա ինձ համար դատապարտելի է»:
Նորայր Նորիկյանը կարևորում է փաստաբանական ինստիտուտի ինքնուրույնությունը: Կարևոր չէ՝ դա կարվի փաստաբանական մեկ, թե՝ մի քանի պալատների միջոցով: