ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից) հայտարարություն են հրապարակել, որում համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
«Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ: