Վրաստանի խորհրդարանը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունները փոխելու նախագիծը

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունների վերադարձի մասին օրենքի նախագիծը՝ ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, սակայն ասել է, որ իշխող թիմը նույնպես նախատեսում է պատրաստել նմանատիպ օրինագիծ, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «իրենց ավանդական ազգանվանը նման ազգանուն ընտրել»։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Նախապատմությունը

Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է իրենց ազգանուններից հանվեն ռուսական վերջավորությունները, «քանի որ դա դիտվում է որպես խորհրդային/ռուսական օկուպացիայի անցանկալի վկայություն»:

Վրաստանում ադրբեջանցիների, ինչպես նաև Ադրբեջանում ապրողների ազգանունները հաճախ ավարտվում են ռուսերեն -ով , -և վերջածանցով: Սակայն պատմական ազգանվան վերջավորությունն այլ է, օրինակ.

  • Խալիլով — Խալիլլի
  • Մամեդով — Մամեդլի
  • Իսմայիլովա — Իսմայիլ
  • Ալիև  — Ալիսոյ
  • Գուլմամեդովա — Գուլմամեդլի և այլն:

Այս գաղափարի հետ կապված արշավը, որը կոչվում է «Վերադարձրու ազգանունս», մեկնարկել է 2020 թվականի սկզբին «Սալամ» քաղաքացիական հարթակի կողմից։

2021 թվականի ամռանը «Սալամը» նախաձեռնեց ստորագրահավաքի համազգային արշավ` օրենքով պահանջվող ստորագրությունների քանակով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար:

Էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների նախաձեռնող խումբն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան հուլիսին, իսկ սեպտեմբերի 27-ին օրենսդիր մարմնում գրանցվել է 26 298 ստորագրություն։

Խորհրդարանի որոշումը

Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը նոյեմբերի 1-ի նիստում քննարկել է ստորագրությունների իսկությունը։

Հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին նիստում հայտարարել է, որ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 26 298 ստորագրություններից խորհրդարանի կանոնակարգի պահանջներին համապատասխան նշված տվյալների թերի կատարման պատճառով անվավեր է ճանաչվել 3 370 ստորագրություն և փաստացի ընդունվել է միայն 22 928 ստորագրություն։

Այդ հիմքով հանձնաժողովը մերժել է նախաձեռնող խմբին՝ օրինագիծը ներկայացնելու իրավունքը, քանի որ օրենքը պահանջում է 25 000 ստորագրություն։

Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն ասել է, որ «չնայած նման որոշմանը, հարցը չի տուժի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել