Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։
«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,- հայտարարել է Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:
Նա հավելել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել, նաև հույս հայտնել, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի վերադարձվեց Բաքվից Հայաստան՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։