Ալիևը պատմել է, թե ինչպես է ադրբեջանական բանակը օկուպացրել Թալիշ և Մատաղիս գյուղերը․ մինչև հոկտեմբերի 3-ը ոչ մի այլ բնակավայր չի գրավվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է 2020 թվականի աշնանը Թալիշ և Մատաղիս գյուղերը օկուպացնելու ռազմական գործողության նշանակության մասին:

«Սուգովուշանի գտնվելու վայրը կարևոր դեր խաղաց պատերազմի ժամանակ, և այն, որ այն գտնվում էր մեր վերահսկողության տակ, մեզ առավելություն տվեց մեր հետագա գործողություններում», – ասել է Ալիևը։

Ըստ նրա, Մատաղիս և Թալիշի գրավման մեկ այլ կարևոր ասպեկտ է այն, որ մինչև հոկտեմբերի 3-ը ոչ մի այլ բնակավայր չի գրավվել:

«Այս գյուղերի ազատագրումը մեզ վերահսկողություն տվեց նաև տարածաշրջանի ռազմավարական ճանապարհների նկատմամբ, թշնամին բախվեց մեծ դժվարությունների և աշխատուժի տեղաշարժի և մանևրների մեծ սահմանափակումների: Թալիշ և Սուգովուշան գյուղերի տարածքում կար թշնամու մեծ ջոկատ, որը մինչև պատերազմի վերջին օրը չէր կարող մասնակցել այլ գործողությունների: Նախ, քանի որ ռազմավարական ճանապարհներն արդեն մեր վերահսկողության տակ էին, և երկրորդ՝ եթե հակառակորդը դուրս բերեր իրենց ուժերը այստեղից, իհարկե, ադրբեջանական բանակը կարող էր մեծ հաջողությունների հասնել այս ուղղությամբ: Հետևաբար, մեր մարտավարական քայլերն ու մանևրելիությունը կանխամտածված քայլեր էին, և այստեղ թշնամու գրեթե մի մեծ զորամաս կաթվածահար եղավ», – պատմել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել