Յունիսեֆ Հայաստանը հայտնում է․
«ՔՈՎԻԴ-19 համավարակի և դրան հաջորդող արգելափակումների պատճառով աշխարհում աշակերտները բաց են թողել առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ, և այս թիվը գնալով աճում է: Որպես հետևանք, սովորողները զրկվել են իրենց կրթությունից և կենսական նշանակության այլ օգուտներից, որոնք ապահովում է դպրոցը:
Կրթական այս ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում այսօր ներկայացրել է «Կորցնելու ժամանակ չունենք» ինստալյացիան: Ինստալյացիայի կենտրոնական մասում ժամացույց է, որ դատարկ դասասենյակի գրատախտակի դիզայնով է արվել և տեղադրվել ՄԱԿ-ի այցելուների սրահում՝ Գլխավոր ասամբլեայի շենքի դիմաց: Ժամացույցը իրական ժամանակ է հաշվարկում՝ ցույց տալով համավարակի բռնկումից ի վեր աշխարհում յուրաքանչյուր աշակերտի կողմից առկա ուսուցման բաց թողած դասաժամերի ընդհանրական քանակը, որ շարունակում է ավելանալ: Դատարկ դասասենյակն ունի 18 աշակերտական սեղան, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է համավարակով պայմանավորված կրթական խաթարումների ամիսների թիվը:
Ինստալյացիան ստեղծվել է Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ, երբ որոշ առաջնորդներ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ հնարավորություն կունենան վերադառնալ ՄԱԿ-ի գլխամաս անձամբ:
«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ն իր դռներն է բացում աշխարհի պատվիրակությունների համար: Սակայն բազմաթիվ երկրներում դպրոցների դռները շարունակում են փակ լինել աշակերտների համար»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Մենք անազնիվ ենք գտնվում մի ամբողջ սերնդի նկատմամբ, ում միտքն ու ապագան ասեղից է կախված: Մենք պետք է առաջնահերթություն տանք դպրոցների վերաբացմանը և աջակցենք նրանց, ովքեր համավարակի ընթացքում այն բաց են թողել: Կորցնելու ժամանակ չունենք»:
Ինստալյացիան, որ բաց է Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին անձամբ մասնակցող պատվիրակությունների համար, դատապարտող հիշեցում է, որ միլիոնավոր դպրոցականներ շարունակում են դպրոց չհաճախել և կոչ է ուղղված առաջնորդներին՝ այս կրթական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Այն գործելու է սեպտեմբերի 17-ից 27-ը՝ մինչև նստաշրջանի ավարտը:
Աշխարհում 11 երկրների գրեթե 131 միլիոն դպրոցականներ 2020 թ. մարտ – 2021 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բաց են թողել առկա ուսուցման երեք քառորդը: Նրանց 59 տոկոսը կամ գրեթե 77 միլիոնը, բաց են թողել առկա ուսուցմամբ իրականացվող գրեթե բոլոր դասաժամերը: Երկրների գրեթե 27 տոկոսը շարունակում են մասամբ կամ ամբողջովին փակ պահել դպրոցները: Ի լրումն, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների, տարիքային բոլոր խմբերի ավելի քան 870 միլիոն սովորող, այսօր էլ առերեսվում են կրթական խաթարումների:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և դպրոցների վարչական անձնակազմին՝ վերաբացել դպրոցները հնարավորինս շուտ և ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նվազեցնելու վարակի տարածումը դպրոցներում: Այդ թվում՝
- Դիմակ կրել ազգային և տեղական պահանջներին համապատասխան
- Ապահովել ուսումնական հաստատությունները լվացարաններով և/կամ ախտահանիչ միջոցներով
- Հաճախակի ախտահանել շփման ենթակա մակերեսները և ընդհանուր օգտագործման առարկաները
- Ապահովել համապատասխան օդափոխում
- Փոքր խմբեր պահպանել դասապրոցեսի ողջ ընթացքում (դասերի սկիզբ/ավարտ, դասամիջոցներ, ճաշ և այլն )
- Ինֆորմացիայի փոխանակման մեխանիզմներ մշակել ծնողների, աշակերտների և ուսուցիչների համար
- Թեև ոչ որպես դպրոցների վերաբացման նախապայման, առաջնային օղակի աշխատակիցներից և ռիսկային խմբում գտնվողներից հետո պատվաստելու առաջնահերթություն տալ ուսուցիչներին:
Ի լրումն, ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄԱԿ-ի պարենային ծրագիրը և Համաշխարհային բանկը համատեղ Դպրոցների վերաբացման ծրագիր էին մշակել և հրապարակել՝ պետական կառավարման մարմիններին ուղղված գործնական և «ճկուն» խորհուրդներով՝ աջակցելու նրանց կողմից դպրոցները վերաբացելու ուղղությամբ իրականացվող ջանքերին»: