Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդների մասին «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Իրավաբան.net-ը խոսել է Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի հետ։
– Որո՞նք են Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդները։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է խորհուրդ ասվածը մեր կրոնի մեջ, ե՞րբ են ձևավորվել այս խորհուրդները և ինչի՞ հիման վրա։
– Խորհուրդ բառի աստվածաբանական և կրոնական իմաստի մեջ մենք հասկանում ենք անտեսանելի բաների հայտնություն։ Այսինքն՝ արտաքին տեսանելի ձևերի տակ մարդը ստանում է անտեսանելի աստվածային պարգևներ, շնորհներ։ Մեր խորհուրդները յոթն են։ Երկուսը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ Մկրտությունը և Հաղորդությունը, մնացած հինգը հաստատվել են հիմնականում սրանց վրա և ավետարանական ճշմարտությունից ելնելով։ Դրանք են՝ Դրոշմի, Ապաշխարության, Ձեռնադրության, Պսակի և Կարգ հիվանդաց խորհուրդները։
– Փորձենք առանձին-առանձին անդրադարձ կատարել՝ բացատրելով յուրաքանչյուր խորհրդի իմաստը։ Ի՞նչ նշանակություն ունի Մկրտությունը։ Եկեղեցու համար կա՞ ընդունելի տարիք՝ անձին մկրտելու համար։
– Մկրտության խորհուրդը կապված է հոգևոր ծնունդի հետ։ Մարդը հոգևոր ծնունդ է ապրում, որդեգիր դառնում, ժառանգորդ, երկնաքաղաքացի՝ Աստծո թագավորության քաղաքացի։ Մեր եկեղեցական կարգն է, որ ութ օրական նորածին երեխան արդեն պետք է մկրտվի։ Անշուշտ, եթե այս օրերն անցնում են, մենք Մկրտությունը կատարում ենք, բայց ճիշտը ութ օրական երեխային կնքելն է։ Մկրտության խորհուրդը շատ կարևոր է։ Հոգևոր ծնունդ ապրելով, ադամական մեղքից մաքրվելով՝ մարդը հաստատվում է որդեգրության մեջ, ժառանգորդության մեջ։
– Դրոշմի խորհուրդը իրականացվում է Մկրտությունից անմիջապես հետո։ Ո՞րն է այս խորհրդի էությունը և ինչու՞ է առանձին Մկրտությունից, եթե անբաժանելի մասն է համարվում։
– Այո, անբաժանելի մասն է, որովհետև Մկրտության մեջ լինում է նաև Դրոշմը և երրորդ խորհուրդն էլ՝ Հաղորդության խորհուրդը, որ երեքը միասին են կատարվում։ Այսինքն՝ մկրտվել նշանակում է հոգևոր ծնունդ, քրիստոնյա, որդեգիր, իսկ Դրոշմի խորհուրդը ամեն մի հավատացյալի հոգեգալուստն է։ Ոնց որ առաքյալները հոգեգալուստ ապրեցին, տարբեր լեզուներով խոսելու շնորհը տրվեց նրանց, այնպես էլ մարդը, հոգեգալուստ ապրելով, դառնում է եկեղեցու անդամ, Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամ։ Դրոշմից անմիջապես հետո Հաղորդությունն է, որի ժամանակ մարդը հաստատվում է այդ ամենի մեջ։
– Հաղորդության խորհուրդը ի՞նչ նշանակություն ունի։ Փաստորեն, իրականացվում է այս երկու խորհուրդներից անմիջապես հետո։
– Դա Մկրտության պարագայում է իրականացվում Մկրտությունից ու Դրոշմից հետո։ Բայց իրականության մեջ բոլորս էլ տարբեր հանգամանքներում սխալվում ենք, սայթաքում ենք ու մինչև Հաղորդության գալը պետք է Ապաշխարություն։ Այսինքն՝ պետք է խոստովանել, անկեղծորեն զղջալ։ Ապաշխարություն ասելով՝ հասկանում ենք երեք կարևոր սկզբունք՝ աղոթքը, պահեցողությունը և ողորմությունը։ Ահա այս ճանապարհն անցնելուց հետո գալիս ենք Հաղորդության խորհրդին։ Եթե մեղքը պատճառ է եղել, զրկվել ենք Աստծո ներկայությունից, հատկապես, եթե գիտակցաբար, կամավոր կերպով, չարությամբ, աններելի, մահացու մեղքերն ենք գործել, ապաշխարությամբ թողության ենք արժանանում և Հաղորդության միջոցով, պատարագին մասնակցելով՝ նորից վերահաստատվում ենք որդեգրության, ժառանգորդության մեջ։ Աստծո հետ միություն ենք կազմում։ Հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է։
– Իսկ Ապաշխարության խորհրդն ի՞նչ է իրենից ենթադրում և ինչպե՞ս է իրականացվում։
– Ապաշխարության խորհուրդը ենթադրում է զղջում։ Մարդն ամեն օր իր անձը պետք է քննի, քնելուց առաջ օրը վերապրի, հիշի, զղջում ապրի, թողություն խնդրի։ Ապաշխարության դեպքում մարդը կարող է գալ հոգևորականի առաջ իր մեղքերը խոստովանվել։ Սա այնքանով է կարևոր, որ երբ մարդը խոստովանում է, պատմում է, կարող է՝ այդ ընթացքում ինքն ուրիշ մեղքեր էլ գործած լինի, բայց նկատած չլինի, իսկ հոգևորականը օգնում է մյուս մեղքերն էլ տեսնել, ասել, որ սա էլ է մեղք, խոստովանիր։
– Տեր Խորեն, խոսենք նաև Պսակի խորհրդի մասին։ Կմեկնաբանե՞ք խորհրդի էությունը։
– Պսակի խորհրդի իմաստն ու նպատակը ընտանիք կազմելն է, սերնդագործությունը, որդեծնությունը։ Ամուսնացող զույգը հաստատվում է այն միության մեջ, ինչ որ ունեին մեր նախածնողները։ Ադամը հողից ստեղծվեց, Եվան՝ Ադամի կողից։ Դրա համար Ադամն ասում է՝ մարմին եղավ իմ մարմնից, ոսկոր՝ իմ ոսկորից։ Այսինքն՝ նույն մարմինն ունեն, միության մեջ են, Աստված օրհնել է։ Պսակի խորհուրդն այս միությունն է, դրա համար են ասում՝ տղամարդը կնոջ գլուխն է, կինը՝ տղամարդու մարմինը։ Մի բարձի ծերանալն էլ այդ միության խորհուրդն է։ Այս խորհուրդը շատ կարևոր է նաև ողջախոհության իմաստով, որ մարդը կարողանա սրա միջոցով բղջախոհ ցանկություններից հեռու մնա։
– Կարճ անդրադարձ կատարենք նաև վերջին՝ Օծում կամ Կարգ հիվանդաց խորհրդին։ Ինչի՞ վրա է հիմնված այս խորհուրդը և ինչպե՞ս է իրականանում։
– Կարգ հիվանդաց խորհրդի նպատակն է մարդուն հոգևոր և մարմնավոր առողջություն բերելը։ Կարգ հիվանդացի մեջ նույն Ապաշխարության հատվածը կա։ Սա էլ առիթ է խոստովանվելու, զղջալու։ Խորհրդի նպատակն է մարդուն ոտքի կանգնեցնել, հավատքով զորացնել, առողջություն շնորհել։
– Ձեռնադրության խորհուրդը վերաբերում է հոգևորականներին։ Ի՞նչ խորհուրդ է սա, ո՞վ կարող է ձեռնադրվել և ձեռնադրել։ Հոգևորականի ճանապարհ չունեցող մարդը կարո՞ղ է ձեռնադրվել, թե՞ պետք է որոշակի ուղի անցնել՝ դրան հասնելու համար։
– Իհարկե, պետք է ուղի անցնի։ Նախ՝ պետք է ճեմարանում սովորել, հոգևոր և մտավոր կարողությունները պետք է բավարար լինեն, որ մարդը ձեռնադրվի։ Ձեռնադրության խորհուրդն այն է, որ հոգևորականին մասնավոր իշխանություն է տրվում հենց այս խորհուրդները կատարելու, քարոզելու, Աստծո խոսքը հասցնելու։
Ձեռնադրում է եպիսկոպոսը, իսկ եպիսկոպոսին էլ ձեռնադրում է Ամենայն հայոց կաթողիկոսը։
– Ամփոփելով՝ խնդրում եմ նաև պարզաբանել՝ եկեղեցական կանոններով ո՞ր խորհուրդներն են պարտադիր, իսկ որոնք` կամավոր․ նաև նշել՝ ո՞ր խորհուրդներն են կրկնելի, և որո՞նք են կատարվում միայն մեկ անգամ։
– Քրիստոնյա հավատացյալի համար պարտադիր են Մկրտությունը, Դրոշմը, Ապաշխարությունը, Հաղորդությունը, իսկ Պսակը, Ձեռնադրությունը՝ ոչ, Կարգ հիվանդացն էլ՝ ըստ դիպվածի։ Մկրտությունը, Դրոշմը և Ձեռնադրությունը անկրկնելի են, իսկ մնացածը՝ կրկնելի։