Այլ երկրների տրանսպորտային միջոցների «անօրինական անցման կապակցությամբ»՝ Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը:
Նամակներում նշվել է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, և պարունակում են նման երևույթների ճնշման խնդրանք:
«Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, նման դեպքերը մեր երկրի օրենսդրության խախտում են»,-նշվում է նամակներում:
Ավելի վաղ ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։