Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Նշվում է, որ Ռ.Մուրադովը ադրբեջանցիներին է ներկայացրել իր իրավահաջորդին ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
Հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցենենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Հանդիպման սկզբին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:
Արշակ Կարապետյանը շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին՝ ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով և կարևորել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: