Սիրիան կարող է միանալ ՀԱՊԿ-ին

Սիրիան կարող է ընդգրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), եթե դա ձեռնտու կլինի երկրին և կազմակերպության պետություններին: Այս մասին Говорит Москва ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:

«Ինչու՞ ոչ: Նախ, կանոնադրությունը դոգմա չէ, այն պետք է անմիջականորեն արձագանքի իրավիճակին, եթե դա ձեռնտու է բոլորին՝ և՛ Սիրիային, և՛ ՀԱՊԿ գործընկերներին, ես չեմ բացառում նման հնարավորությունը», – ասել է Կարտապոլովը:

Նշենք, որ Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել