Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ գտնվող Խալդե շրջանում թաղման թափորի գնդակոծման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խալդեի շրջանում հուղարկավորության ժամանակ զինված անձինք կրակ են բացել թաղման թափորի վրա, ինչը հանգեցրել է բախումների, որի արդյունքում մի քանի քաղաքացի զոհվել և վիրավորվել են՝ այդ թվում մեկ զինծառայող»,-ասվում է Լիբանանի բանակի տարածած հաղորդագրությունում:
Տարածքում զինվորական ուժեր են կենտրոնացվել: Բանակի հրամանատարությունը զգուշացրել է, որ կրակ կբացի զենք կրող ցանկացած անձի վրա:
Իր հերթին շիական «Հըզբոլլահ» խմբավորումը, որը վերահսկում է Բեյրութի հարավային արվարձանները, հայտարարել է, որ Խալդեում խմբավորման անդամներից մեկի հուղարկավորության ժամանակ դարանակալել եւ սպանել են 3 մարդու: «Հըզբոլլահը» կոչ է արել լիբանանյան բանակին եւ անվտանգության ուժերին անհապաղ միջամտել՝ հանցագործներին ձերբակալելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Բեյրութից հարավ գտնվող Խալդե քաղաքում տեւական ժամանակ միջկրոնական բախումներ են ընթանում շիա եւ սուննի բնակիչների միջեւ: