Բաքուն կոչ է անում Երևանին խաղաղության պայմանագիր ստորագրել, կառուցողական մոտեցում ցուցաբերել սահմանների սահմանազատման խնդրին. Արցախում պատերազմն պատերազմն ավարտված է․ այս մասին Ria Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլողլին։
«Մեր կողմից մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն անցյալում է, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կնքի խաղաղության պայմանագիր և կառուցողականորեն մոտենա սահմանների սահմանազատման խնդրին», – ասել է Ադրբեջանի դեսպանը։
Նրա խոսքով, դեռ վաղ է խոսել ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացման մասին։
2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն ՝ զորախումբը տեղակայված է հինգ տարի ժամկետով:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։