Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն կոչ է անում Երևանին բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման շուրջ», – Արտաքին գործերի նախարարության խոսքերը մեջբերում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի իր դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։