Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 18-րդ փառատոնը․ «Փյունիկ»

Հուլիսի 25-27-ը Ծաղկաձորի մարզաբազայում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 18-րդ փառատոնը։

Փառատոնին մասնակցում էին շուրջ 120 մարզիկներ հետևյալ մարզաձևերի շրջանակներում՝ բազկամարտ, ծանրամարտ, սայլակներով բասկետբոլ, շախմատ, լող, սեղանի թենիս:

«Դժվար ժամանակաշրջանում ենք ապրում։ Ժամանակն է հասկանանք, որ երկրի հաջողությունը կազմված է մեր բոլորի հաջողություններից և այդ միասնական հաջողությունը երկրին հաջողություն կբերի»,-նշում է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության անդամ Գոհար Նավասարդյանի խոսքով էլ՝ սա ոչ միայն մարզական փառատոն է, որտեղ մարզիկները տարբեր սպորտաձևերում մրցում են և հաղթանակներ գրանցում, այլև սոցիալական ծրագիր է, որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց տնից դուրս գալ, ներառվել հասարակությունում։ «Սպորտն այն ամենակարևոր միջոցն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք ամեն տարի մասնակիցներ ունենալ, ովքեր տարբեր սպորտաձևերում փորձում են իրենց, շատերը հետագայում մեծ հաջողությունների են հասնում»,-նշում է նա։

Հակոբ Աբրահամյանը հավելում է, որ լավ հնարավորություն կա Հայաստանում զարգացնելու հաշմանդամություն ունեցող անձանց սպորտը, սակայն ֆինանսավորումը քիչ է։ «Պետք է պետությունը ավելի շատ միջոցներ ուղղի այս ուղղությամբ, որովհետև հաշմանդամների սպորտը ոչ միայն հաշմանդամություն ունեցող համար, ու հատկապես վերջին մեկ տարում հաշմանդամ դարձած երիտասարդների համար ինքնադրսևորվելու հնարավորություն է ստեղծում, այլ նաև բոլորս էլ գիտենք, որ սպորտը ներառվելու լավագույն միջոցն է»,-ընդգծում է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության նախագահը։

«Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն կա պատերազմի մասնակիցների համար, որ ներքաշվեն սպորտի աշխարհ, մոռանան իրենց խնդիրները»,-նշում է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Արթուր Ասեսյանը։

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել