Նույնականացնող սարքն ընտրության օրը Հրայր Թովամսյանի անձնագիրն էլ չի կարդացել․ Արամ Վարևանյանի նշմամբ՝ խոսքը գնում է 109 հազար դեպքի մասին

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր խոսքում ասաց, Անձնագրային և վիզաների վարչության կողմից հունիսի 20-ին՝ ընտրության օրը, կարող էր համապատասխան տեղեկանքներ տրամադրեր, բայց աննորմալ ու ընտրական իրավախախտման երևույթ է, որ 2020 թվականին տեղեկանք է տրամադրվում հաշվառում չունեցող անձանց։

Նրա խոսքով՝ 2016 թվականին, երբ ընդունվում էր Ընտրական օրենսգիրքը, առաջին անգամ Հայաստանի պատության մեջ այն նախատեսեց նոր մեխանիզ՝ անձի նույնականացման համար գործուն տեխնիկական սարքի ներդրում։

«2016 թվականին այդ ամենի ներդրումը ենթադրում էր 2017 թվականի ընտրությունների նախապատրաստում։ Ես տրամաբանական եմ համարում, որ այդ կարճ ժամանակահատվածում կարող էին լինել, մինչև 2008 թվականի հունվարի 1-ը՝ ոչ կենսաչափական անձնագրերի մասով բազայի խնդիր՝ լուսանկարի հետ կապված։ Այսինքն 2017 թվականի համար նախապատրաստական իմաստով, այդ դրույթը, որը թույ էր տալիս առանց լուսանկարի ընտրության մասնակցությունը՝ դիտարկում եմ իր ձևով ու բավանդակությամբ որպես անցումային դրույթին բնորոշ։ Հակառակ պարագայում ես չեմ հասկանում օրենսդրի տրամաբանությունը, որ նախատեսում է նման կարևոր մեխանիզմ՝ անձի ինքնությունը ճշտելու, դրա համար ծախսում է միլիոնավոր դոլարներ, դրա համար, կարելի է ասել, ավելացնում են ընտրությունների նկատմամբ վստահության կշիռը, բայց մյուս կողմից տալիս է բացառություն։ Ես տեսնում եմ, որ դրա իմաստը եղել է անցումային դրույթի տրամաբանության մեջ։

Դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց Արամ Վարդևանյանին՝ նշելով, որ ինչպես հիշում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ իր անձնագիրը չի կարդացել սարքը։ «Ես էլ հայտարարեմ, որ իմ անձնագիրը ևս չի կարդացել, ու երբ փորձում էր ձեռքով լրացնել՝ տվել եմ ID քարտը, դա կարդացել է։ Այսինքն ունենք երկու դեպք, որոնց պարագայում դժվար էր կեղծել։ Այսինքն՝ վիճակը որևէ խախտման մասին չի խոսում, եթե մենք դրանից հետո այլ բան ենք արձանագրել՝ այլ վեճի մասին է խոսքը»։

Արամ Վարդևանյանը մեկ առանձին դեպք ներկայացրեց, որի համաձայն Ջեմմա Մարտիրոսյանը, ով ՀՀ քաղաքացի է, ընտրության օրը ՀՀ-ում չի գտնվել, բայց, ըստ լրացված մատյանների, մասնակցել է ընտրությանը։ Նրա խոսքով՝ նշված կնոջ ընտանիքի անդամներից իրենք ճշտել են, որ այդ կինը Հայաստանում չի եղել, սակայն ընտրության մասնակցած անձանց տվյալներում ձեռքով լրացված են եղել նրա անձնագրային տվյալները, այլն էլ՝ գրեթե ընթեռնելի վիճակում։

«Եկեք պատկերացնենք, որ այդ իրավիճակը բացառություն է։ Եթե ես բարձր դատարանին ասեի, որ նման 10, 20, 100 դեպեր են եղել՝ կհասկանայի, որ դատարանը կարող է մտահոգություն հայտնել, որ ամեն դեպքում գործ ունենք սարքավորման հետ և տեխնիկական վրիպակներ, բարդություններ կարող են լինել։ Երբ խոսքը գնում է 109 հազար դեպքի մասին, այդտեղ իմ մոտ առաջին տպավորությունն է, որ սա կարող է լինել սխեմային որոշակի գործիքակազմ՝ դրանում էլ պրոեկտում եմ Ջեմմա Մարտիրոսյանի դեպքը, և երկրորդը՝ մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Պետությունը որոշում է կայացրել, որ պետք է լինի սարքավորում, պետք է այդ սարքավորումը նույնականացումն իրականացնի և դրանով իսկ ապահովի պատշաճ ընտրական գործընթաց։ Պետությունը 5 տարվա ընթացքում կարո՞ղ էր այս խնդրին լուծում տալ․ վստահաբար կարող էր»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել