Արմեն Սարգսյանը ՍԴ չի հրավիրվի․ Հրայր Թովմասյանի միջնորդություններից մեկը բավարարվեց

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Նախորդ օրը՝ հուլիսի 9-ին, դատավոր Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշել էր, որ հայտնի չէ, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակել հունիսի 20-ին։

«Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է։ Միջնորդում են նախագահին որպես վկա հրավիրել։ Նախագահը ուներ հայեցողություն վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30 և 45 օրվա ընթացքում»,-նշել էր Թովմասյանը։

Հրայր Թովմասյանը նշել էր, որ ուզում է ՀՀ նախագահից ճշտել, որ օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում չի եղել։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն այսօր հրապարակեց միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ «Օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի, որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ Հանրապետության նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի»,-ասաց Արման Դիլանյանը։

Հրայր Թովմասյանը նշեց, որ շտկումներ է կատարել իր միջնորդության մեջ և այժմ էլ առաջարկում է  ՀՀ նախագահին 55-րդ հոդվածի համաձայն որպես վկա հրավիրել ՍԴ։

Դատավոր Թովմասյանի երկրորդ միջնորդությունը բավարարվեց։ Դատավորը միջնորդել էր ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականի ընտրական գործընթացների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ եթե կա զեկույց, հաղորդումներ կամ այլ նյութեր։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել