Կառավարության հունիսի 17-ի նիստին որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հարակից օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ըստ որի Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։
«Սահմանադրությամբ ամրագրված է վարչական դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը ապահովելու համար՝ ելնելով արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններից։
Վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը պայմանավորող կարևոր հանգամանք է նաև Վճռաբեկ ատյանում դատական մասնագիտացման գործոնի լիարժեք ներդրումը»,-նշեց փոխնախարարը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից 3-ը մինչև մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարումն սկսելը կամ մասնագիտացված վարչական արդարադատության ներդնումը ունեցել են վարչական մասնագիտացում կամ վարչական ոլորտի, հանրային իրավահարաբերություններից բխող գործերի քննության, այդ թվում` տնտեսական դատարանում դատավորի փորձառություն (տնտեսական դատարանը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու էր քննել հանրային իրավահարաբերություններից բխող գործեր): Բացի այդ, Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտացում՝ քաղաքացիական, վարչական կամ քրեական, ինչը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանում դատավոր է նշանակվում այս մասնագիտացումներից որևէ մեկն ունեցող դատավորը, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում նշանակված դատավորը պետք է ունենա 2 մասնագիտացում: Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածում իրավական ֆիկցիայի միջոցով փորձ է արվել հաղթահարել նշված իրավիճակը՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները համարվում են միաժամանակ քաղաքացիական և վարչական մասնագիտացումներ ունեցող:
Ուշագրավ է, որ այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ մի շարք երկրների դատական համակարգերում գործում են վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում վճռաբեկ դատարանների կազմում գործում են առանձին վարչական պալատներ, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:
Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությունն ամրագրված է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանում ստացված, վարույթ ընդունված և չընդունված բողոքների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին։
Ներկայումս Դատական օրենսգիրքը սահմանում է Դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների հերթական և արտահերթ համալրման եղանակներ, ընդ որում` հերթական համալրումը կապվում է դատարաններում կանխատեսվող թափուր տեղերի քանակի հաշվարկի հետ, իսկ արտահերթ համալրումը` հերթական համալրումից կամ դրա համար տեղերի հաշվարկից հետո առաջացած նոր թափուր տեղի առաջացման հետ: Այսինքն Բարձրագույն դատական խորհուրդը համալրում իրականացնելիս միևնույն է կաշկանդված է դատական համակարգում կանխատեսվող թափուր տեղերի քանակով համալրումներն իրականացնելու պայմանով: Նշված կարգավորումը, սակայն, խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ անկանխատեսելի հանգամանքներում դատավորների թափուր տեղեր առաջանան այն պայմաններում, երբ դեռ չի լրացել հերթական համալրումն իրականացնելու համար թափուր տեղերի հաշվարկման ժամկետը, իսկ արտահերթ համալրումն իրականացնելու պարագայում կարող է որոշակի ժամանակահատվածով առկախված մնալ առաջացած թափուր տեղերում դատավորների նշանակումը` մինչև արտահերթ համալրման իրականացումը:
Այս փոփոխությամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը: