Ադրբեջանը շարունակում է հետապնդումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ:
Երկրի պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության մամուլի ծառայությունները այսօր համատեղ հայտարարություն են տարածել ու հայտնել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ նրանց կողմից գերեվարված զինվորները նոյեմբերի 26-27-ը թաքնվել են Հադրութի անտառներից մեկում։
Գերեվարված ևս 13 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված «քրեական գործի» հետաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան:
Նշվում է, որ, այսպես կոչված, հետաքննությունը շարունակվում է Հովհաննիսյան Հայկազ Կորյունի (Хованесян Хайказ Корюнович), Մանուկյան Վարազդատ Ամուշավանի (Манукян Вараздат Амушаванович), Ստեփանյան Դավիթ Ստեփանի (Степанян Давид Степанович), Թոսունյան Լևան Աշոտի (Тосунян Леван Ашотович) և ևս 9 հոգու նկատմամբ։