«Կամանդի՛ր, թուրքն ո՞վ է, որ թուրքի դեմը սողանք». Զավենն ամեն ինչ արել է հայրենիքի համար

«Չգիտեմ Աստծո նախախնամությունն էր, թե այլ պատճառ կար, բայց առաջին օրվանից Զավենը տարբերվում էր: Նա լցրել է բոլորիս էությունը, առանց Զավենի շատ դժվար է»,-ասում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Զավեն Եսայանի հորաքույրը՝ Կարինե Եսայանը:

Մայրը՝ Գայանե Հակոբյանը ասում է, որ տղան առաջնորդ էլ բոլոր հարցերում, անգամ տնային գործերում:

«Հունվարի 22-ին գնաց բանակ: Շտապում էր, չգիտեմ, ինչո՞ւ էր շտապում չգիտեմ: Ծառայությունը շատ լավ էր անցնում, սերժանտի կոչում էին տվել: Որ ուշ-ուշ էր զանգում, ասում էի՝ Զավ, որ չզանգեցիր ես վախեցա, ասում էր՝ մա՛մ, չլսեմ էլ այդ վախենալ բառը քեզանից, իմ նման տղա ունես, ինչի՞ց ես վախենում, ոնց կարա մարդ թուրքից վախենա: Վերջին անգամ, որ խոսեցինք շատ բարձր տրամադրություն ուներ, ասաց՝ մամ, կոֆե եմ դրել, արի միասին խմենք: Ընկերները եկան, ասացին, որ Զավենն ամեն ինչ արել է, որ մենք մեզ լավ զգանք, ամեն ինչ արել է հայրենքի համար»,-պատմում է մայրը:

Հորաքրոջ խոսքով՝ երբ հրամանատարը Զավենին ասել է միասին սողալով գնան ուտելիքի հետևից, պատասխանել է. «Կամանդի՛ր, թուրքն ո՞վ է, որ թուրքի դեմը սողանք»:

Զավեն Եսայանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 21-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել