«Գալու եմ Մոնթե ունենամ». Տիգրան Զաքարյանը զոհվել է առաջին հրադադարից 2 ժամ հետո

Հասմիկ Պետրոսյանն ու Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Զաքարյանը ամուսնացած են եղել 11 ամիս: Հասմիկն ասում է, որ դրանք եղել են իր կյանքի լավագույն ամիսները: Տիգրանը պատերազմ մեկնելուց առաջ կնոջն ասել է. «Գալու եմ՝ Մոնթե ունենանք»:

Տիգրան Զաքարյանը 2015 թվականից պայմանագրային զինծառայող է եղել խաղաղապահ զորքերում:

«Շատ նպատակներ ուներ, բայց ոչ մի նպատակ չկարողացանք իրականացնել: Գոնե մի ժառանգ ունենար տղաս»,-պատմում է հայրը՝ Վահան Զաքարյանը:

Քրոջ ամուսինը՝ Գևորգ Մկրտչյանը, պատմում է, որ Տիգրանը նվիրված է եղել իր ընկերներին և հիմա բոլորը զգում են իր կարիքը ու ոչ ոք չի հավատում, որ նա ՝ չկա:

«Երբ տեսնեի՝ պետք է ժպտար: Բոլորս ուրախացանք, որ ամուսնացավ, բայց ճակատագիրը լրիվ ուրիշ կերպ դասավորվեց, ոչ միայն Տիգրանի, այլ նաև մեր ժողովրդի»,-պատմում է հարևանուհին՝ Լարիսա Աթոյանը:

Տիգրան Զաքարյանը նաև մասնակցել է Ապրիլյան պատերազմին, կռվել է Թալիշում:

«Տղաները պատմում են, որ Տիգրանը կռվի դաշտում արծվի նման կռվել է, պաշտպանել է դիրքերը: Մոտ 400-500 թուրքի դեմ կռվել են 2 ժամ, փամփուշտները վերջացել են, նահանջել են: Ոչ քարտեզ են ունեցել, ոչ ռացիա, սպասել են, որ մեքենա գա իրենց տանի, չի եկել»,-պատմում է հայրը:

Տիգրան Զաքարյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 11-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել