Շուշին կկորցնենք այն ժամանակ, երբ համակերպվենք իր չլինելու հետ. ստեղծվել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողությունը:

ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալվինա Ներսեսյանի խոսքով՝ իրենք հավատում են, որ մի օր անպայման հետ են վերադառնալու իրենց բնակավայր և դա իրենց վերջնանպատակն է: Նա ասաց, որ իրենք պայքարող տեսակ են և միտք չունեն հրաժարվելու իրենց նպատակից:

«Ցավոք, մեր նամակների և դիմումների նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ չէր, ավելին՝ առհասարակ արդյունավետ չէր և մեզ սկսեցին օգնել Իրավաբանների հայկական ասոցիացիան, պարոն Զադոյանը մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց և իր խորհրդով մենք ձևավորվել ենք որպես ՀԿ, փետրվարի 16-ին ստացել ենք պետական գրանցում»,-ասաց Ալվինա Ներսեսյանը:

ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանի խոսքով՝ իրենք միավորվել են, որովհետև ցանկանում են անել մի քայլ, որն ուղղված կլինի անհատական պաշտպանությանը:

«Մենք՝ բոլոր երիտասարդներս, չենք համարում, որ Շուշին կորցրել ենք, Շուշին կկորցնենք այն ժամանակ, երբ համակերպվենք իր չլինելու հետ: Շուշին ուղղակի մեր վերահսկողությունից դուրս է, որը ժամանակի հարց է»,-այս մասին ասաց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Մարիամ Անդրեասյանը:

Հավելենք, որ «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի անշահախնդիր աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել