Անհրաժե՞շտ է արդյոք ծնողների համաձայնությունը երեխայի անվան փոփոխության հարցում

Համաձայն ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով։

Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:

Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`

1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.

2) նա զրկված է ծնողական իրավունքներից.

3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.

4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը: Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմնում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ: Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել